Անցած ուրբաթ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված, իսկ օրեր անց դատարանի դահլիճից ազատ արձակված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը մի քանի ժամ առաջ ժամանել է Մոսկվա: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:
Միրոնովը, հիշեցնենք, այս տարվա մայիսից հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից և, ըստ հաղորդագրությունների, Հայաստանում ձերբակալվել էր Միացյալ Նահանգների պահանջով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկուշաբթի օրը մերժեց դատախազության միջնորդությունը Սերգեյ Միրոնովին 40 օրով կալանավորելու վերաբերյալ. ռուսաստանցին ստորագրությամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Միրոնովի փաստաբանները պնդում էին, որ նրա՝ Հայաստանը լքելու որևէ պաշտոնական արգելք չկա, թեև նախապես ասվել էր, որ ռուսաստանցին չի կարող դուրս գալ Հայաստանից մինչև նրա արտահանձնման հարցով որոշման ընդունումը: