«Քաղաքական ներքին պայքարում զենքը կիրառում չունի», - հայտարարեց Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ «Ազատություն TV»-ի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ մեկնաբանելով «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված իրավիճակը:
Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ «ոչ միայն զենքը չի կարելի կիրառել ներքին պայքարում, այլ չի կարելի նաև օժանդակել որևէ քաղաքական գործընթացի, որը իր հերթին կատարվում է ի աջակցություն զենքի կիրառմանը ներքին քաղաքական պայքարում»:
«Համարում ենք, որ Հայաստանում գոյություն կարող է ունենալ միայն իշխանափոխության թավշյա հեղափոխության տարբերակը, ինչը նշանակում է, որ ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները պետք է հեռանան, բայց այդ ճնշումը երբեք չպիտի վերածվի զինված ճնշման, որովհետև դա ուղիղ ճանապարհ է դեպի ոչ թե իշխանության հեռացում, այլ պետության կործանում: Եվ մենք նման գործընթացներին չենք կարող մասնակցել», - հայտարարեց Զուրաբյանը՝ շարունակելով․ - «Ոչ միայն չենք մասնակցի, բայց մենք կներկայացնենք ժողովրդին իշխանափոխության՝ այդ թավշյա հեղափոխության ծրագիրը: Այսինքն՝ սահմանադրական բոլոր միջոցներով, միգուցե պայքարը մի քիչ էլ երկարի, բայց ոչինչ՝ արդյունքը այդ դեպքում լինում է շատ ավելի ցանկալի ժողովրդի համար, որովհետև նպատակը ոչ թե պետք է լինի ուղղակի որևէ ձևով քո թշնամանքը հայտնես այս ռեժիմի նկատմամբ, այլ նպատակը պետք է լինի ժողովրդավարության և նորմալ զարգացումը խրախուսող միջավայրի հաստատումը Հայաստանում»:
«Ես հասկանում եմ՝ ժողովուրդը անելանելի վիճակում է, հասկանում եմ, որ շատերը ուղղակի այլ ելք չեն տեսնում, բայց գնալ այդ ճանապարհով՝ նշանակում է Հայաստանին պարտադրել երկու բան․ առաջինը՝ նվաստացուցիչ պարտություն Ադրբեջանից, և երկրորդը՝ քաղաքացիական պատերազմի վտանգ», - շեշտեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավարը:
Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․