Մատչելիության հղումներ

Հայկ Խանումյանը կարծում է, որ հայտարարվող համաներումը կտարածվի նաև իրեն առևանգողների վրա


Հայկ Խանումյանը Ստեփանակերտի հիվանդանոցում: 7-ը հուլիսի, 2016 թ․
Հայկ Խանումյանը Ստեփանակերտի հիվանդանոցում: 7-ը հուլիսի, 2016 թ․

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը կարծում է, որ ԼՂ անկախության 25-ամյակի առթիվ հայտարարվող համաներումը պատասխանատվությունից կազատի նաև պատգամավոր առևանգած ու ծեծի ենթարկած հանցագործներին:

Երեկ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը միաձայն քվեարկեց համաներում հայտարարելու օգտին։

Հունիսի 6-ին Ստեփանակերտի կենտրոնում՝ ԱԺ շենքի դիմաց, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հավաստմամբ, իրեն մոտեցել են 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել են մեքենան, տարել Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող Խնածաղ գյուղը, որտեղ մոտ 20 հոգով շարունակել են ծեծը:

Ավելի ուշ ձերբակալվածներին առաջադրված առևանգում մեղադրանքը մեղմացվեց։ Հիմա 4 քաղաքացի մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար։

Խանումյանի կարծիքով, հենց նրանք կազատվեն համաներմամբ: «Վստահ եմ, որ գործի վերաորակավորումը՝ առևանգումից խուլիգանություն, իրականացվել է անմիջապես նախագահի ցուցումով և նրա հսկողությամբ: Ես այստեղ այլ վարկած չեմ տեսնում, քան նախագահականի կողմից նախաքննական մարմնի վրա կոպիտ ճնշումները և միջամտությունը նախաքննության ընթացքին», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

«Համաներումը քաղաքականացնել պետք չէ», - հակադարձում է ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը․ - «Սա իրավական, մարդասիրական գործողություն ա, այլ ոչ թե քաղաքական: Սա ինչ-որ ձևով հանդիսանում է մարդասիրության դրսևորում, ինչ-որ ձևով խթանում է, որպեսզի մարդիկ հասկանան իրենց սխալները․․․ Իհարկե նաև հետևանք է իրենց նորմալ պահվածքի կալանավայրերում: Եվ սա նորմալ գործընթաց է, որը ամեն երկրներում էլ կատարվում է»:

Հայկ Խանումյանն ասաց, թե համաներման դեմ իրենց կուսակցությունը ոչինչ չունի։ Ճիշտ հակառակը՝ պատգամավորի հավաստմամբ, ԼՂ բանտերում կան փոքր զանցանքների համար մեծ պատիժ կրող զինվորականներ, որոնց ազատ արձակման համար միայն ուրախ կլինեն։ Նրանց, սակայն, դատել է Սյունիքի մարզի դատարանը, և ԼՂ-ում հայտարարվող համաներումը նրանց վրա չի կարող տարածվել:

Այս համաներումը Ղարաբաղում վեցերորդն է։ Մեկը հայտարարվել է Շուշիի ազատագրման առիթով, մյուս բոլորը՝ սեպետեմբերի 2-ին նշվող Անկախության տոնին ընդառաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG