Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում բանկի մասնաճյուղ գրաված տղամարդը Մոսկվայի ժամանակով ժամը 22-ի (Երևանի ժամանակով՝ 23-ի) սահմաններում հանձնվել է ոստիկանությանը և խնդրել մեղմ վերաբերվել իրեն։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, որի տեղեկությունը հաստատել են Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունում։
Չորեքշաբթի երեկոյան, տեղական ժամանակով ժամը 19-ի սահմաններում, Մոսկվայի կենտրոնում՝ Բոլշայա Նիկիտսկայա փողոցի վրա գտնվող «Սիթիբանկ»-ի մասնաճյուղ էր մտել 50-55 տարեկան մի տղամարդ ու սպառնացել պայթեցնել իրեն։
Տղամարդը, ում վզից կախված էր սքոթչով փաթաթված տուփ, պատանդառել էր բանկում գտնվող անձանց՝ աշխատակիցների և այցելուների, որոնցից երեք կնոջ հետո ազատ էր արձակել։ Նա ներկայացել էր որպես սնանկացած գործարար և պահանջել բանակցություններ ոստիկանության հետ։
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանությունը, ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանապետ Անատոլի Յակունինը անձամբ սկսել էր բանակցել տղամարդու հետ։
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել փաստի կապակցությամբ։ ՏԱՍՍ-ի և «Ինտերֆաքս»-ի աղբյուրները իրավապահ մարմիններում փոխանցել են, որ նախնական տվյալներով՝ բանկի մասնաճյուղը գրաված անձը 55-ամյա ձեռնարկատեր Արամ Պետրոսյանն է։
«Նա հայտարարել է, որ ոչինչ չունի բանկի մարդկանց դեմ, իսկ բանկի դեմ ունի, ինչից հետո հայտարարել է, որ պատրաստվում է ոչ թե թալանել բանկը, այլ գրավել այն, և պահանջել է բանակցություններ ոստիկանության հետ», - պատմել է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը։
VKontakte սոցիալական ցանցում հրապարակած հոլովակներում տղամարդը հայտարարել էր, որ նման քայլի է դիմում անելանելի դրությունից, քանի որ չի կարողանում պատմել իրավաբանական և ֆիզիկական անձանց սնանկացման հիմնախնդրի մասին։ Նա երկու պահանջ էր առաջ քաշել՝ «ֆիզիկական և իրավաբանական անձանց սնանկացումը պետական մակարդակով ճանաչել որպես հիվանդություն», ինչպես նաև ստեղծել սնանկացման խնդրով զբաղվող նոր հաստատություն։
Մոսկվայի ժամանակով ժամը 21:30-ի դրությամբ պատանդ էր մնում մեկ մարդ՝ բանկի աշխատակից։ «Ինտերֆաքս»-ի աղբյուրը իրավապահ մարմիններում ասել էր, թե տուփը, որը տղամարդը ներկայացնում էր որպես պայթուցիկ սարք, ավելի շուտ «մուլյաժ» է, և ենթադրել էր, որ միջադեպը շուտով կսպառվի։ Տղամարդու հանձնվելուց հետո պարզվել է, որ տուփն իրոք պայթուցիկ սարք չէր։
ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Գլեբ Բրյանսկին, ով նույնպես եղել է պատանդների թվում, ասել է, թե բանկի մասնաճյուղը գրավողը «ոչ թե դաժան հանցագործի, այլ հուսահատված մարդու տեսք ուներ, նա շատ նյարդայնանում էր, անընդհատ ներողություն խնդրում, շատ էր ծխում»։