Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:
«Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների և տուժածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու կորով: Աղոթում ենք վիրավորների առողջության համար և ցանկանում նրանց շուտափույթ ապաքինում: Վստահ եմ, որ Իտալիայի իշխանությունների հետևողական ջանքերի շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ վերացնել աղետի հետևանքները: Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասված է նախագահի ցավակցական հեռագրում:
Այսօր առավոտյան Իտալիայում գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Կան զոհեր և ավերածություններ։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է 39-ի։