Թեև Հայաստանը մոտ 12 տարի է՝ ներգրավված է ՆԱՏՕ-ի գլխավորությամբ իրականացվող տարբեր խաղաղապահ առաքելություններում, այդուհանդերձ, հայկական ստորաբաժանումները վերջերս մասնակցել են ՀԱՊԿ շրջանակում կազմակերպված զորավարժությունների, որի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանական խաղաղապահներին կոչ է արվել «վայր դնել զենքն ու հանձնվել»:
ՀԱՊԿ մամլո հաղորդագրության համաձայն, օգոստոսի 16-18-ը Ռուսաստանի Պսկովի ու Լենինգրադի մարզերում կայացել են կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի՝ «Փոխգործակցություն - 2016» անվամբ լայնամասշտաբ զորավարժություններ՝ շուրջ 6 հազար զինծառայողների և հազար միավոր զինտեխնիկայի ներգրավմամբ: Ռուսաստանի արևմտյան ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարատապոլովի հրամանատարությամբ կայացած զորավարժություններին մասնակցել է նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը:
Ըստ սցենարի, արևմտյան ռազմական դաշինքի զորամիավորումները խաղաղապահ առաքելության անվան տակ և առանց ՄԱԿ-ի հավանության ներխուժում են ՀԱՊԿ անդամ երկիր: ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերն անցնում են հակահարձակման և ջախջախում պայմանական հակառակորդին: Ռուսաստանյան Риа Новости լրատվական գործակալությունը հրապարակել է զորավարժությունների ժամանակ բարձրախոսների միջոցով ՆԱՏՕ-ի պայմանական զինվորներին ուղղված կոչը: Մի քանի լեզուներով (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և լեհերեն) արտաբերված այդ կոչը հնչեցվել է կանացի ձայնով:
«ՆԱՏՕ-ի զինվորնե՛ր, ձեզ խաբում են, դուք խաղաղապահներ չեք, վայր դրեք զենքը, դուք կռվում եք օտար հողում: Ձեր ուխտադրուժ հարձակմամբ՝ խախտել եք խաղաղ երկրի անդորրը: Չե՛ք խուսափի այն ժողովրդի արդար պատժից ու ցասումից, որը դեռ ոչ մի պատերազմում չի պարտվել: Դե՛ն նետեք զենքերը, դադարեք լինել խամաճիկներ ձեր առաջնորդների ձեռքին»,- ահա այս բովանդակությամբ կոչ է ուղղվել ՆԱՏՕ-ի խաղաղապահներին:
«Ազատությունն» այսօր ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին խնդրեց մեկնաբանել այդ կոչը, նաև հետևյալ հարցն ուղղելով՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես հակառակորդ կազմակերպություն: Զայնետդինովը հրաժարվեց մեկնաբանություններ ներկայացնելուց:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ևս չցանկացավ մեկնաբանել տեղի ունեցածը: Մինչդեռ, հիշեցնենք՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 1992 թվականից: 2004-ից Հայաստանի զինված ուժերը միացել են Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը, իսկ 2010-ից հայ խաղաղապահները ներագրավվել են ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Աֆղանստանում իրականացվող առաքելությունում:
Անցած տարի սեպտեմբերին Նյու Յորքում, մասնակցելով ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, նախագահ Սերժ Սարգսյանն անգամ հայատարարել էր՝ Աֆղանստանում հայկական ուժերը կմնան այնքան, որքան անհրաժեշտ է: «2010 թվականից մեր մասնակցությունը բերեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին, 2015-ից սկսած այդ երկրում մասնակցում ենք «Վճռական աջակցություն» առաքելությանը և, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեր միջազգային գործընկերների հետ մնալու ենք այնքան, որքան անհրաժեշտ է»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Նույն ելույթում Հայաստանի նախագահն անգամ հատուկ շնորհակալություն էր հայտնել ՆԱՏՕ-ին՝ Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման գործում ունեցած դերի համար՝ «Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման պարագայում առանցքային է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցների և մյուս անդամ պետությունների դերակատարությունը, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում»:
Ազգային ժողովի պատգամավոր, «Հայկական ատլանտյան ասոցիացիայի» հիմնադիր Թևան Պողոսյանը հիշեցնում է՝ Հայաստանը միակ երկրն է, որը լինելով ՀԱՊԿ անդամ՝ մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի խաղաղապահ երկու առաքելությունների: «Ռուսաստանն էսօր ունի առճակատում ՆԱՏՕ-ի հետ, բայց Հայաստանը պետք է կարողանա իր շահերով առաջնորդվել, ոչ թե փորձի հետևել ռուսական խաղերին: Այսօրվա դրությամբ էլ Հայաստանը շարունակում է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, ինչը ողջունելի է»,- «Ազատությանն» ասաց Թևան Պողոսյանը: