Մատչելիության հղումներ

ՀՔԾ. Հիմնավորվել է՝ ոստիկանները Բաղրամյանում խոչընդոտել են լրագրողների աշխատանքին


Ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկում ֆոտոլրագրողին, 23-ը հուլիսի, 2015թ.
Ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկում ֆոտոլրագրողին, 23-ը հուլիսի, 2015թ.

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը 2015 թվականի հունիսի 23-ին խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև վնասել է վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով գույքային վնաս, իսկ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության ոստիկանության գնդի ծառայության ավագ տեսուչ, կապիտան Կոստան Բուդաղյանը, նրա ծառայակիցներ Տաճատ Նորատունկյանը և Արթուր Այվազյանը, հիշյալ օրը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը:

«Մասնավորապես՝ 2015 թվակակնի հունիսի 23-ին՝ ժամը 05.30-ի սահմաններում, երբ ոստիկանության ծառայողները ջրանետ հատուկ միջոցի գործադրմամբ ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքը և բերման ենթարկել դրա մասնակիցների մի մասին, ոստիկանության ծառայողներ` Տաճատ Նորատունկյանը և Արթուր Այվազյանը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ բռնել են Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձևով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանին և ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս օրինական գործունեությանը», - ասված է հաղորդագրությունում:

ՀՔԾ-ն նաև տեղեկացնում է, որ այդ ընթացքում ոստիկանության կապիտան Կոստան Բուդաղյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ բռնել է Ազատության հրապարակում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձևով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանին և ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքին, հաշվի չառնելով նաև վերջինիս հավաստիացումն այն մասին, որ հեռուստալրագրող է:

«Նույն ժամանակահատվածում ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը, քաղաքացիական հագուստով գտնվելով Երևանի Ազատության հրապարակում, խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձևով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Ուտոպիանա.ամ» մշակութային ստեղծագործական ՀԿ-ի «ACTV» առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանի լրագրողական աշխատանքին՝ նրանից խլել է ընկերությանը պատկանող, «Canon EOS 6D» մոդելի թվային ֆոտոխցիկը և մի քանի անգամ հարվածելով գետնին՝ դիտավորությամբ վնասել այն՝ հիշյալ ՀԿ-ին պատճառելով 485 հազար դրամի գույքային վնաս», - ասված է հաղորդագրությունում։

ՀՔԾ-ն նաև նշում է, որ Դավիթ Փերիխանյանն այդ ժամանակ դիտավորությամբ խոչընդոտել է Ազատության հրապարակում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող՝ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրող Արթուր Պապյանի լրագրողական աշխատանքին՝ նրա ձեռքից խլել է ռադիոկայանի սեփականությունը հանդիսացող «Samsung GT-I9500/Galaxy S4 16GB» մոդելի բջջային հեռախոսն ու անտեսելով լրագրող լինելու մասին նրա հավաստիացումները՝ հեռախոսը մի քանի անգամ հարվածել է գետնին, վնասել այն՝ պատճառելով գույքային վնաս:

«Հիշյալ հանցավոր արարքների կատարման համար Տաչատ Նորատունկյանին, Արթուր Այվազյանին, Կոստան Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով [լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որ կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով], իսկ Դավիթ Փերիխանյանին՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով [լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը] և 185-րդ հոդվածի 1-ին մասով [ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել]», - ասված է հաղորդագրությունում:

Ծառայությունը հիշեցնում է, որ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ ոստիկանության 4 ծառայողների վերաբերյալ գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար», - ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG