Մատչելիության հղումներ

Պավել Մանուկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել


Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման միջոցով զինված ապստամբության փորձ կատարած «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել:

Երեկ «Դատապարտյալների հիվանդանոցում» տեղի ունեցած վիրահատությունից հետո Մանուկյանն իրեն լավ է զգում, «Ազատությանը» փոխանցեց նրա դուստրը՝ Ասպրամ Մանուկյանը։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը ևս ասաց, որ վիրահատությունն անցել է բարեհաջող, կատարվել է մաշկի պլաստիկա:

«Նորմալ է, ոչ մի խնդիր չկա այնտեղ», - նշեց նա:

Վիրահատության իր հերթին է սպասում զինված խմբի 29-ամյա անդամ Հովհաննես Հարությունյանը, ով գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»։ Ոտքից հրազենային վիրավորում ստացած երիտասարդի պաշտպաններն ահազանգում են, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները խոստացել էին մինչև շաբաթավերջ վիրահատություն կատարել, բայց իրենց անհայտ պատճառներով այն ձգձգվում է։

«Որևէ պատասխան չենք ստանում, թե ինչու է ուշացվում ու օրեցօր ոտքի մատները ավելի դանդաղ է սկսում շարժվել: Դրանից մենք տեսնում ենք, որ վիճակը վատ է», - ասում է փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Հովհաննես Հարությունյանի պաշտպանի պնդմամբ՝ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող երիտասարդի վիրակապերը օրերով չեն փոխվում, ցավազրկող ներարկումները ուշացնում են, «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները ուշ-ուշ են այցելում նրան։

«Լինում է, որ 4-5 օրով չեն գալիս այդ վիրակապը փոխելու», - պատմում է Ղարագյոզյանը:

Պաշտպաններն, ովքեր օրեր շարունակ իշխանություններին առաջարկում են թե՛ Հովհաննես Հարությունյանին, և թե՛ այնտեղ գտնվող «Սասնա ծռերի» մյուս 6 անդամներին տեղափոխել մասնագիտացած հիվանդանոց, հայտարարում են՝ իշխանությունները խոշտանգում են զինված խմբի անդամներին՝ փորձելով այդ կերպ պատժել նրանց կատարած արարքի համար:

«Ես միտում եմ արդեն տեսնում: Դիտավորյալ թողնում են, որ մարդը ավելի երկար ցավերի մեջ մնա», - հայտարարեց փաստաբանը:

Քրեակատարողական հիմնարկների վարչությունից մեկնաբանություն ստանալ այսօր չհաջողվեց։

Ավելի վաղ՝ Հովհաննես Հարությունյանի պաշտպաններից Հայարփի Սարգսյանը բաց նամակ էր տարածել՝ իշխանություններին կոչ անելով հրազենային վիրավորում ստացած երիտասարդի վիրահատությունը կատարել քաղաքացիական հիվանդանոցում։

«Հակառակ դեպքում, եթե վիրահատության արդյունքում ի հայտ գան բարդություններ, ապա դա կդիտարկվի որպես դիտավորություն և ողջ պատասխանատվությունը կկրեն Արդարադատության, Առողջապահության նախարարությունները, Հատուկ քննչական ծառայությունը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը», - հայտարարել է Հայարփի Սարգսյանը։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը, մինչդեռ, «Ազատությանը» փոխանցեց, որ Հովհաննես Հարությունյանի վերքերը դեռևս չեն ապաքինվել, ուստի վիրահատության մասին առայժմ վաղ է խոսել։ Պաշտպանների թվարկած մյուս բողոքների վերաբերյալ բժիշկը մեկնաբանություններ չարեց։

Երևանի Էրեբունի թաղամասում անցյալ ամիս ծավալված դրամատիկ իրադարձությունների հետևանքով, հիշեցնենք, սպանվեց 3 ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում այս պահին կալանավորված է 50 անձ։ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, ՊՊԾ գնդում հրկիզվել ու վնասվել է ոստիկանության 21 ավտոմեքենա, գնդում տեղադրված բանկոմատից հափշտակվել է 14 միլիոն դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG