Մատչելիության հղումներ

Փոխարտգործնախարար․ Փոխզիջումների մասին խոսելը պարտվողականություն է


Ղարաբաղյան բանակցություններում այսօր խոսել փոխզիջումների մասին պարտվողականություն է, և Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի խոսել կարգավորումից, որովհետև այդ հարցերը Լեռնային Ղարաբաղի իրավասության ներքո են՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Ղարաբաղյան բանակցություններից քաջատեղյակ պաշտոնյան ընդգծեց՝ ներկայումս բանակցություններում տեղաշարժ չի երևում:

«Ես կարծում եմ, որ փոխզիջումների, նմանատիպ հարցերի շուրջ խոսելը պարտվողականություն է, որովհետև առ այսօր ես Բաքվից չեմ լսել որևէ հայտարարություն զիջման մասին: Երբ որ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին: Քանի դեռ այնտեղ չեն խոսում, ինքնին նույնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելը կարծում եմ, կոռեկտ չէ, առնվազն կոռեկտ չէ», - ասաց Քոչարյանը՝ հավելելով. - «Այլ բան է, որ բանակցային գործընթացի մասին խոսելիս հայկական կողմերն ասում են, որ հա, փոխզիջումների պատրաստ ենք, ընդհանուր: Բայց քանի որևէ հայտարարություն չկա Ադրբեջանի կողմից, ավելին՝ քանի դեռ այնտեղից ավելի են կոշտանում դիրքերը, ապա հայկական կողմերին խոսել ինչ-որ զիջումների մասին, ինձ թվում է, անիմաստ է»։

Բանակցային գործընթացն, ըստ փոխարտգործնախարարի, իր մեջ ենթադրում է առաջ շարժվելու համար պատրաստակամություն գնալ փոխզիջումների։ «Քանի կողմերից մեկը երբևիցե չի հայտարարել՝ ինչ զիջումների է պատրաստ, ապա կոնկրետացնել, խոսել հայկական կողմի զիջումների մասին, դա ուղղակի տակտիկական, ստրատեգիական կոպիտ սխալ է», - ասաց Քոչարյանը։

Փոխարտգործնախարարի խոսքով, հայկական կողմի նպատակը շատ հստակ է՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և պետք է երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և հանրապետության անվտանգությունը։

«Իսկ ինչ վերաբերվում է արդեն դետալներին՝ ինչպես դրան հասնել, դա այլ խնդիր է, որը պայմանավորված է նաև այն կողմի դիրքրոշմամբ, որը բանակցությունների մեջ է, այսինքն՝ մեր հակառակորդի դիրքորոշմամբ, իսկ նրա դիրքորոշումը շատ կոշտ է, և այդ պարագայում, խոսել դետալների մասին, ուղղակի անիմաստ է», - ասաց փոխարտգործնախարարը։

Փոխարտգործնախարարը նշեց՝ Հայաստանն իրավասու չէ խոսել Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության մասին․ - «Ինձ համար կամ Հայաստանի որևէ պաշտոնյայի համար չկա փոխզիջում կամ զիջում հասկացություն, որովհետև այն հարցերը, որոնք վերաբերում են կարգավորմանը, հիմնականում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասությունների մեջ են։ Այսինքն, Հայաստանի որևէ պաշտոնյա նույնիսկ իրավունք չունի դրա մասին խոսել։ Այլ բան, որ այսօր ստեղծված իրավիճակում քանի դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լիարժեք չի մասնակցում բանակցային գործընթացին, չընդհատելու համար այդ գործընթացը՝ Հայաստանը մասնակցում է, բայց Հայաստանը իրավասու չէ խոսել Լեռնային Ղարաբաղի փոխարեն թե՛ նրա կարգավիճակի մասին, թե՛ նրա տարածքային ամբողջականության մասին»։

Ըստ փոխարտգործնախարարի՝ թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ-Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, այլ խոսվել է հրադադարի ռեժիմի ամրապնդումից:

«Բանակցային գործընթացում պայմանավորվածության մասին խոսք չի գնացել, խոսքը գնացել է այլ բանի մասին․ թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ-Պետերբուրգում ուղղակի խոսվել է այն մասին, որ պետք է ամրագրել կրակահերթի դադարեցման ռեժիմը», - ասաց Շավարշ Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG