Մատչելիության հղումներ

Թուրքիան մտադիր է ազատ արձակել 38 հազար կալանավորների


Հանրահավաքի հազարավոր մասնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնում նախագահ Էրդողանին, Ստամբուլ, 7-ը օգոստոսի, 2016 թ․
Հանրահավաքի հազարավոր մասնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնում նախագահ Էրդողանին, Ստամբուլ, 7-ը օգոստոսի, 2016 թ․

Անկարան դա բացատրում է արդարադատության համակարգը բարեփոխելու անհրաժեշտությամբ, մինչդեռ, արևմտյան լրատվամիջոցների պնդմամբ, այդպիսով թեթևացնում են հազարավոր ընդդիմադիրներով լցված բանտերը:

Թուրքիան որոշել է պայմանական ազատ արձակել 38 հազար կալանավորի, ըստ կառավարության՝ «արդարադատության համակարգը բարեփոխելու նպատակով»: Արևմտյան լրատվամիջոցները, մինչդեռ, փաստում են՝ Անկարան տեղ է ազատում բանտերում, որոնք այժմ լի են անցած ամսվա հեղափոխության փորձի մեջ մեղադրվող հազարավոր ընդդիմադիրներով:

Հունիսի 15-ի պուտչից հետո Էրդողանի վարչակազմն առնվազն 17 հազար մարդ է կալանավորել, 35 հազարին՝ ձերբակալել: Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություննները պնդում են՝ թուրքական բանտերի գերծանրաբեռնվածության պատճառով ազատազրկվածների մեծ մասը պահվում է ախոռներում, մարզադաշտերում՝ առանց տարրական պայմանների ու բժշկական օգնության:

«Սա համաներում չէ, այլ՝ բարեփոխում»,- «Թվիթերում» գրել է Թուրքիայի արդարադատության նախարարը՝ ընդգծելով, որ այն չի տարածվում հեղափոխության փորձի մեջ կասկածվողների վրա: Ըստ այդմ, կազատվեն միայն այն կալանավորները, որոնք «ծանր հանցագործություն չեն կատարել ու կրել են պատժի առնվազն կեսը»: Հեղափոխության փորձից ավելի քան մեկ ամիս անց, կառավարությունն այսօր արտակարգ դրության մասին երկու նոր հրամանագիր է հրապարակել, դրանցով, ըստ էության՝ էլ ավելի ընդարձակելով իշխանության լիազորությունները:

Նախ՝ էրդողանն այսուհետ կարող է միանձյա բանակի հրամանատար՝ գլխավոր շտաբի ղեկավար նշանակել, ում ավելի վաղ ընտրում էր գերագույն ռազմական խորհուրդը: Կառավարության մյուս հրամանագրով էլ աշխատանքից ազատվել են ևս 2300 ոստիկաններ, հարյուրավոր զինվորականներ ու քաղծառայողներ՝ «Ամերիկայում բնակվող հոգևորական գործիչ ֆեթուլա Գյուլենին աջակցելու համար»: Ընդհանուր առմամբ, անցած մեկ ամսվա ընթացքում պաշտոնանկ է արվել ավելի քան 80 հազար մարդ՝ դատավորներից սկսած, մինչև գիտական ոլորտի աշխատողներ:

Էրդողանը շարունակում է պնդել, թե գյուլենականները ներթափանցել են կառավարություն՝ իշխանության հիմքերը ներսից քանդելու համար: «Մենք պետք է մաքրենք համակարգը ախտից», երեկ հայտարարել է նա՝ կրկին սպառնալով վերականգնել մահապատիժը: Ավելի վաղ Եվրամիության պաշտոնյաները զգուշացրել էին՝ այդ դեպքում Բրյուսելը կսառեցնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, քանի որ մահապատիժը հակասում է եվրոպական ընտանիքի օրենքներին:

«Մեզ քննադատող արևմտյան երկրները շատ ավելի խիստ միջոցներ կձեռնարկեին, եթե կանգնած լինեին նույն մարտահրավերների առջև»,- երեկ պնդել է Ռեջեփ էրդողանը: Կոնկրետ անուններ չնշելով՝ Թուրքիայի նախագահը քննադատել է նաև արևմտյան առաջնորդներին, որոնք, նրա խոսքով, ավելի շատ հետաքրքրվում են պուտչիստների, քան դրանից տուժած՝ Թուրքիայի հազարավոր քաղաքացիների ճակատագրով: «Հունիսի 15-ի գիշերը մեր դատավորներն ու դատախազները, ժողովրդի ու անվտանգության ուժերի հետ, լուրջ հակահարված հասցրին հեղափոխականներին: Առաջին իսկ պահից այդ պայքարը եղել և մնում է օրենքի սահմաններում», - նաև հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG