Մատչելիության հղումներ

Փոխվել է Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը


«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Խորենացու փողոցում: 23-ը հուլիսի, 2016 թ․
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Խորենացու փողոցում: 23-ը հուլիսի, 2016 թ․

Վերաքննիչ դատարանն այսօր որոշեց, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։

Դատարանի բակում հավաքված Մարտիրոսյանի ընտանիքի անդամները և կուսակիցները որոշումը ծափահարություններով ընդունեցին:

Ընդդիմադիր գործչի փաստաբան Գիվի Հովհաննիսյանի ձևակերպմամբ՝ սա չարյաց փոքրագույնն էր․ - «Ուրախ ենք, որ մարդը անազատության մեջ չի: Բայց եթե իրավական դաշտում նայենք, միանշանակ բավարարված չենք, որովհետև ամբողջությամբ պետք ա մեր բողոքները բավարարվեն․․․ Բայց հիմա դուրս եկավ՝ մի կես քայլ առաջ գնացինք: Մնացածն էլ հետագան տեսնենք ոնց ա լինում»:

Փաստաբանը վստահ է, որ Մարտիրոսյանին ազատ արձակելու քաղաքական որոշում կար, այլապես նույն ապացույցները և գրավի միջնորդությունը նախկինում էլ ներկայացրել էին, բայց առաջին ատյանի դատարանը ամեն ինչ մերժում էր․ - «Մենակ իմ կարծիքը չի, երևույթն ա դա թելադրում, որ քաղաքական որոշում է՝ մարդուն բռնել, ակնհայտ ապօրինի ձերբակալել, մեղադրանք և կալանավորում: Եթե ունենք տեսանյութ․․․ դրա մասին բավականին ասվել ա: Տեսանյութով միանշանակ երևում ա, որ մարդը անմեղ ա»:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Զարուհի Փոստանջյանին դատարանի վճիռը չի բավարարում: Նա պնդեց, թե դատարանը պետք է գործը կարճեր, քանի որ Մարտիրոսյանին կալանավորելու հիմքեր չկան․ - «Ես չեմ կարծում, որ սրանով մենք պետք է բավարարվենք: Իհարկե, այս պահի դրությամբ առնվազն մենք կունենանք մեր գործընկերոջը մեր կողքին, ազատության մեջ: Բայց ոչ միայն պետք է գրավով ազատման որոշում կայացվեր, այլ ընդհանրապես պետք է քրեական հետապնդումը դադարի»:

Արմեն Մարտիրոսյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: «Ժառանգություն» կուսակցությունը պնդում է, որ Մարտիրոսյանը քաղաքական գործունեության համար է կալանավորվել, իսկ մեղադրանքը շինծու է։

Այսօր կուսակցության փոխնախագահին սատարելու էր եկել նաև «Ժառանության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պնդեց, որ անհիմն է ոչ միայն Արմեն Մարտիրոսյանի, այլև նույն մեղադրանքով ձերբակալված «Ժառանգության» երկու անդամներ Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի և «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունից Անդրիաս Ղուկասյանի կալանավորումը։

«Ամբողջ հեգնանքը այն է, որ այս տղաներն են, որ տարիներ շարունակ պաշտպանել են ուրիշների մարդու իրավունքները, ոստիկանների կյանք փրկած են, և հիմա իրենք, իրենց սահմանադրական իրավունքը իրացնելիս, նստած են բանտում, և իրենց սպառնում է 4-10 տարի բանտարկություն սեփական երկրում: Սրանից ավելի անհեթեթ և կեղտոտ և այս իշխանության ինքնապատկեր, քան այս իրականությունը, ես դժվարանում եմ պատկերացնել», - ասաց Հովհաննիսյանը:

Մարտիրոսյանին, ինչպես և նույն մեղադրանքով կալանավորված մյուս երեք գործիչներին մի քանի ոստիկանների ցուցմունքների հիման վրա են կալանավորվել։ Փաստաբանները, մինչդեռ, պնդում են, որ բազմաթիվ տեսանյութեր են ներկայացրել դատարանին, որտեղ իրենց պաշտպանյալները ցուցարարներին խաղաղության կոչեր են անում։

Առաջիկա օրերին կքննվեն Սանասարյանի, Խուրշուդյանի և Ղուկասյանի գործերով բողոքները: Իսկ Մարտիրոսյանի համար դատարանը 1 միլիոն դրամ գրավ է սահմանել: Փաստաբանի տեղեկություններով, անհրաժեշտ գումարն արդեն կա, և առաջիկա ժամերին վճարումը կատարելուց հետո «Ժառանգության» փոխնախագահը ազատ կարձակվի։

XS
SM
MD
LG