Մատչելիության հղումներ

Գյումրին տոնում է Արթուր Ալեքսանյանի օլիմպիական հաղթանակը


Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի, աշխարհի կրկնակի չեմպիոնի մեդալների իր հավաքածուն հարստացրեց թերևս ամենասպասվածով՝ օլիմպիական չեմպիոնի մեդալով:

20 տարվա դադարից հետո օլիմպիական չեմպիոն ունենալու փաստը երեկ գիշերը Հայաստանի երկրորդ քաղաքում վերածվեց տոնակատարության:

Գյումրեցիները Վարդանանց հրապարակում տեղադրված մեծ էկրանից էին հետևում էին Արթուրի ելույթին:

«Սպիտակ արջ» Արթուրի հաղթանակը սպասված էր: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նույնպես հրապարակում էր հետևում ըմբիշի գոտեմարտին:

«Ինձ համար սա ցնծություն է: Ապրի՚ Արթուրը, ուրախացրեց բոլորին», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքապետը:

Նորաթուխ օլիմպիական չեմպիոնի մայրը՝ տիկին Շողիկը հրաժարվեց զրուցել «Ազատության» հետ՝ ասելով, թե որդուն խոստացել է որևէ լրատվամիջոցի հարցազրույց չտալ մինչև Արթուրի վերադարձը:

Այն մարզադպրոցը, որտեղ պարապել է Արթուրը, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր վերանորոգել՝ պայմանով, որ այն կրի Արթուր Ալեքսանյանի անունը: Մարզադպրոցն անվանակոչվել է, բայց հիմնանորոգումը դեռ չի մեկնարկել:

Այդուհանդերձ, տարրական պայմանների բացակայությունն անգամ ծնողներին հետ չի պահում, որ երեխաներին ուղարկեն պարապելու:

«Էսպիսի վիճակում, որ մենք օլիմպիական չեմպիոն ենք տալիս, դա չտեսնված, չլսված բան է: Իսկ եթե մի փոքր ավելի լավ պայմաններ ունենային, ինչքան չեմպիոններ կունենայինք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանի մարզիչ Արտյում Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG