Միայն չեզոք ռազմական դաշինքներին չանդամակցող կարգավիճակը կարող է խաղաղություն ապահովել Վրաստանի համար, հայտարարել է Վրաստանի ընդդիմադիր «Ժողովրդավական շարժում - միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն։
Բուրջանաձեն ստորագրահավաք է սկսել, Սահմանադրությունում այս մասով փոփոխություններ կատարելու համար։ Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ միայն այս դեպքում հնարավոր կլինի Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցով Ռուսաստանի հետ բանակցելու պայմաններ ստեղծել։
Բուրջանաձեն կոչ է արել հիշել պատմության դասերը։ Նա, մասնավորապես, ասել է. - «1945 թվականին Միացյալ Նահանգները ատոմային ռումբ է գցել Ճապոնիայի վրա, սակայն ճապոնացիները բանակցություններ են սկսել Միացյալ Նահանգների հետ։ Վրաստանն ևս պետք է մի կողմ դնի ամեն ինչ և բանակցություններ սկսի Կրեմլի հետ»։
Արևմտամետ քաղաքական գործիչները քննադատել են Բուրջանաձեի այս հայտարարությունը։ Ավելին, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հատուկ տեսախցիկների առջև ստորագրել է Եվրաատլանտյան դաշինքին միանալու՝ Վրաստանին միանշանակ քաղաքականության մասին հավելումը Վրաստանի Սահմանադրության մեջ։
Վրաստանում նախընտրական շրջան է և տեսականորեն փոփոխություններ Սահմանադրության մեջ հնարավոր կլինի կատարել հոկտեմբերի 8-ից հետո, երբ ընտրվի նոր խորհրդարանը։
Հիշեցնենք, 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Արևմտյան երկրները և միջազգային կազմակերպությունները մինչ օրս պարբերաբար հայտարարում են, որ ճանաչում են Աբխազիան և Հարավային Օսիան որպես Վրաստանի տարածք։