Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը կոչ է անում «զգուշանալ խարդախների լարած որոգայթից»


Ոստիկանությունը հաղորդում է, որ համացանցում շրջանառվում է տեղեկատվություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ, թե իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու համար Հայաստանի ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը և որպես տուգանք անհրաժեշտ է վճարել 8 հազար 500 դրամ։

Ոստիկանությունը նշում է, որ նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար՝ վկայակոչելով Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը։

«Հարկ է նշել, որ Հայաստանի քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։ Պարզաբանում ենք, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն Հայաստանի ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում», - ասված էհաղորդագրությունում։

Ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը և համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը (cache) և դիտարկչի հավելումները (extension) կամ դիմել համապատասխան համակարգչային մասնագետի։

«Այն քաղաքացիները, ովքեր տուժել են խարդախների գործունեությունից՝ կարող են դիմել Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կամ զանգահարել 011-56-27-18, 010-59-67-33 հեռախոսահամարներով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG