Մատչելիության հղումներ

Գյուլենի արտահանձնման գործընթացը «կարող է ամիսներ կամ տարիներ տևել»


Ֆեթուլահ Գյուլեն, արխիվ:
Ֆեթուլահ Գյուլեն, արխիվ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Էլիզաբեթ Թրյուդոն ամենօրյա բրիֆինգում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններում վերջին ամսվա ընթացքում օրակարգային դարձած հարցին` Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման խնդրին:

Պետքարտուղարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել նախօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որ վաղ թե ուշ «ԱՄՆ պետք է ընտրություն կատարի Թուրքիայի և Ֆեդուլահ Գյուլենի միջև:

«Թուրքիայի հետ արտահանձնման վերաբերյալ երկկողմանի համաձայնագիր է կնքված: Գործընթացը շատ հստակ է, այն չի կարող զգացմունքային և քաղաքական ազդեցություն կրել: Մենք որոշ փաստաթղթեր ենք ստացել, որոնք այժմ ուսումնասիրվում են: Մենք շարունակում ենք այս ուղղությամբ համագործակցել մեր թուրք գործընկերների հետ: Գործընթացը կարգավորվում է օրենքի և իրավական համակարգի շրջանակներում», - նշել է Թրյուդոն` հավելելով, որ 1952 թվականից` ՆԱՏՕ-ի ստեղծումից ի վեր գոյություն ունեցող թուրք-ամերիկյան դաշինքը խորը և ամուր հիմքեր ունի:

Պատասխանելով, այն հարցին, թե արդյոք ԱՄՆ պետք է ընտրություն կատարի Թուրքիայի և Ֆեթուլահ Գյուլենի միջև, Թյուդոն համոզմունք է հայտնել, որ դրա անհրաժեշտությունը չկա, և Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը քննարկման ենթակա չէ:

Պետքարտուղարության ներկայացուցիչը Գյուլենի արտահանձնման հստակ ժամկետ չի նշել: «Գործընթացը կարող է ամիսներ կամ տարիներ տևել», - ասել է Թրյուդոն:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության պատվիրակությունը օգոստոսի 23-24-ը կմեկնի Թուրքիա՝ բանակցելու Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հարցի շուրջ: Թուրք նախարարը նշել է, որ Անկարան ակնկալու է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների` պետքարտուղար Ջոն Քերիի և փոխնախագահ Ջո Բայդենի այցը:

Իսկ թուրքական իշխանությունները շարունակում են տարբեր միջոցներ ձեռնարկել, իրենց պնդմամբ, անցած ամիս տեղի ունեցած հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպչի` Ֆեթուլահ Գյուլենի դեմ: Վերջինիս ձերբակալելու՝ Ստամբուլի դատարանի որոշումից հետո, այժմ էլ Ադանայի քրեական դատարանը վճռել է առգրավել ազդեցիկ գործչի ողջ ունեցվածքը:

Սպիտակ տան կայքում Գյուլենի արտահանձնման պահանջի վերաբերյալ ստորագրահավաքը արդեն ավելի քան հարյուր հազար աջակից ունի:

Ֆեթուլահ Գյուլենը, մինչդեռ, կրկին հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը: Ֆրանսիական «Լե Մոնդ»-ում հրապարակած հոդվածում իսլամական գործիչը կոչով դիմել է Թուրքիայի ղեկավարությանը՝ խոստանալով համագործակցել:

Գյուլենը պահանջել է, որ հեղաշրջման փորձն ուսումնասիրվի միջազգային հանձնաժողովի կողմից: «Եթե ինձ առաջադրված մեղադրանքներից տասից մեկը հիմնավորվի, ապա, երդվում եմ, կգնամ Թուրքիա», - հայտարարել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG