Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Քրեական գործերը մեկ գործի շրջանակում միավորելն անտրամաբանական է


Ժիրայր Սեֆիլյան
Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն անտրամաբանական է համարում ընդդիմադիր առաջնորդի դեմ հարուցված երկու գործերը «Սասնա ծռեր»-ի գործին միավորելը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հատուկ քննաչական ծառայությունը մեկ գործի շրջանակում է քննելու ոստիկանական ՊՊԾ գնդի գրավման, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «զանգվածային անկարգություններ նախապատրաստելու» և ամիսներ առաջ Սեֆիլյանի դեմ հարուցված զենքի շրջանառություն կազմակերպելու գործերը:

«Կրակ էր ընկել քննչական մարմինը և ուրախությամբ բոլոր գործերը հանձնում են՝ այս մեկ գործում ընթացք տալու համար: Որովհետև վերջին մեկևկես տարվա ընթացքում որևէ գործողություն չէր կատարվել: Իսկ առաջադրված մեղադրանքն էլ զուտ կապված էր էլի քաղաքական գործունեության հետ», - ասաց փաստաբանը:

Ժիրայր Սեֆիլյանը, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը և Գարեգին Չուգասզյանը անցած տարի կալանավորվել էին «զանգվածային անկարգություններ նախապատրաստելու» մեղադրանքով: Ապրիլի 24-ից հետո, սակայն, ընդդիմադիրների խափանման միջոցը փոխվել էր քաղաքից չբացակայելու ստորագրությամբ ու գործը, ըստ էության, սառեցված էր:

«Մեղադրում էին որ վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ ասուլիսները, հրապարակային ելույթներ են ունեցել և ժողովրդին դրդել են անհնազանդության: Այո, իրենք հենց էդպիսի նպատակով էլ իրենց քաղաքական գործունեությունն իրականացրել են: Սա ինչ կապ ունի զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հետ, պարզ չէր, և որևէ կոնկրետ բան չկար», - նշեց Հայրապետյանը:

Արդեն այս տարի Ժիրայր Սեֆիլյանը նորից կալանավորվեց՝ այս անգամ մի խումբ անձանց կողմից զենքի շրջանառություն կազմակերպելու մեղադրանքով․ - «Կային երկու լղոզված առերեսումներ, ոչ կոնկրետ: Անգամ այդ անձը, որը հայտարարել է, որ իբրև թե Ժիրայր Սեֆիլյանը հանձնարարել է իրեն զենքը տեղափոխել, չէր հիշում 2015 թվականի՞ն է հայտարարել, թե՞ 2016-ին․․․ Չէր հիշում՝ բանավո՞ր է հայտարարել, թե՞ հեռախոսով, չէր հիշում անգամ խոսե՞լ է, թե՞ գլխի շարժումով է․․․», - նշեց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանը չի գտնում կապը այս երկու գործերի և պարեկապահակային գնդի գրավման միջև․ ինչո՞ւ պիտի Ժիրայր Սեֆիլյանը դատարանի առջև կանգնի «Սասնա ծռեր»-ի հետ․ - «Հիմա եթե ինչ-որ մեկը հավանաբար ցուցմունք կտա, կասի՝ ճանաչել եմ Ժիրայր Սեֆիլյանին, այդ երկու հոդվածները, ինձ թվում ա, որպես օժանդակող, Ժիրայր Սեֆիլյանի վրա կդրվի: Կարող ա սա է նպատակը: Համենայն դեպս, տրամաբանություն չկա»:

Պավել Մանուկյանի մեղադրանքն արդեն լրացվել է: Նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը ևս տարակուսած էր՝ ինչո՞ւ են իրավապահները մեկ տարի առաջվա գործը «Սասնա ծռեր»-ին միացրել․ - «Իմաստը քաղաքական ճնշումներն ավելացնելն է: Փաստորեն այս ամբողջ ընթացքում որևէ գործողություն, ոչինչ չէր կատարվել, և միայն 2016 թվականի էս դեպքերից հետո իրենք որոշեցին, որ պետք է միավորեն և նախաքննություն շարունակեն»:

Մասնագիտությամբ իրավաբան, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ իրավաբանություն գործերը միավորելու որոշում մեջ փնտրել չարժե, հակառակ դեպքում Սեֆիլյանն էլ, «Սասնա ծռեր»-ն էլ ու իր կուսակիցներն էլ արդեն ազատության մեջ կլինեին․ - «Վախի մթնոլորտը ավելի սերմանելու տենդենցն է սա: Ամեն ինչ դուրս է եկել իրավական կարգավորման ոլորտից և մտել է արդեն իսկ ահաբեկչական գործողությունների տիրույթ: Այդ ռեպրեսիվ և ահաբեկչական գործընթացը այնպիսի մի փուլ է մտել, որտեղ ամեն ինչ ավելի ցայտուն է և ավելի դաժան բնույթ է կրում»:

Զարուհի Փոստանջյանը բացառապես փողոցային պայքարի ճանապարհով է տեսնում այս իրավիճակի հանգուցալուծումը՝ դատարանների հետ հույս չկապելով․ - «Ի դեմս ոստիկանության և ի դեմս այն համակարգի, որը գործում է այսօր Հայաստանի Հանրապետությունում՝ դա ահաբեկչական համակարգ է: Եվ այդ ահաբեկչական համակարգի գլուխը ինքն է՝ Սերժ Սարգսյանը»:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է՝ Սերժ Սարգսյանը մեղադրյալի աթոռին պիտի հայտնվի հենց «Սասնա ծռերի» գործով․ - «Փաստը այն է, որ եթե Հայաստանում գործեր օրենքը, և Սուրիկ Խաչատրյանը հիմա լիներ քրեակատարողական հիմնարկում, Միհրան Պողոսյանը լիներ քրեակատարողական հիմնարկում, Սամվել Ալեքսանյանը լիներ քրեակատարողական հիմնարկում, որևէ մեկը կարիք չէր ունենա ավտոմատ վերցնել, ՊՊԾ գունդ գրավել և քաղաքական պահանջներ առաջադրել: Եվ եթե պիտի տեղի ունենա դատավարություն, Սերժ Սարգսյանը էս պահակապարեկային ծառայության գնդի գործով պետք է առնվազն դրդիչի կարգավիճակով ներգրավվի որպես մեղադրյալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG