«Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան փոխզիջումների գնալ՝ կարգավորելու առկա տարաձայնությունները», - ասել է ՌԴ նախագահը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանն անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որ ոչ մեկն իրեն չզգա հաղթանակած կամ պարտված, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մշակած որոշումը երկու երկրների ժողովրդի համար ընդունելի և հասկանալի լինի, երեկ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտրարել է Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
«Դա է ամենագլխավորը», - ասել է Պուտինն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը, ինչպես նաև Մինսկի խմբի որոշ երկրներ կկարողանան հանդես գալ որպես երաշխավորներ։
Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը իրապես ցանկանում են այդ խնդրի ելքը գտնել, որպեսզի ապրեն խաղաղությամբ և համաձայնության մեջ, համագործակցեն, զարգացնեն տնտեսությունը։
«Հայաստանում ևս շահագրգռված են, որ բոլոր սահմանափակումները վերացվեն՝ ենթակառուցվածքային, տնտեսական, որպեսզի տնտեսությունը զարգանա և մարդիկ կարողանան լավ ապրել, որպեսզի ամրապնդվի հայկական պետականությունը։ Ադրբեջանական կողմը ևս նման ձգտումներ ունի Բաքվում նախագահ Ալիևի հետ իմ վերջին շփումներն այդ մասին են խոսում», - ասել է Պուտինը։
«Ընդգծում եմ՝ Ռուսաստանը շահագրգռված է նվազեցնելու լարվածությունը մեր հարևանների միջև։ Կշարունակենք հնարավորինս աջակցել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմանը՝ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև Երևանի և Բաքվի հետ ուղղակի շփումների միջոցով։ Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան փոխզիջումների գնալ՝ կարգավորելու առկա տարաձայնությունները», - ասել է Պուտինը։
Նա չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե սանկտպետերբուրգյան հանդիպմանը Հայաստանն իբր համաձայնել է Բաքվի վերահսկողությանը վերադարձնել Ղարաբաղի շուրջ շրջանների մի մասը։
Պատասխանելով Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ հարցին՝ Պուտինն ասել է, որ սպառազինությունների հարցում Ռուսաստանը Հայաստանի հետ համագործակցում է իր պարտավորությունների շրջանակում։
«Հայաստանը մեր դաշնակիցն է և Ռուսաստանը միշտ հանձնառու է իր պարտավորություններին և իր բոլոր պարտավորությունները կատարում է», - նշել է Պուտինը։
Միաժամանակ նա ասել է, որ զենքի ժամանակակից շուկայում յուրաքանչյուր երկիր կարող է ցանկացած զենք գնել։ «Այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, նավթ արդյունահանող երկիր, արագ զարգացող տնտեսություն ունեցող երկիր, ոսկու բավականին մեծ ծավալի պաշարներ ունեցող երկիր, իհարկե, ի վիճակի է զենք գնել որտեղից որ կամենա», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ միաժամանակ հավելելով, որ խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով:
Ասուլիսում անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին իրավիճակին։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը դատապարտել է ընդդիմության գործողությունները Երևանում՝ անընդունելի համարելով իրենց նպատակներին հասնելու համար զենքի ուժով պատանդներ վերցնելը։
«Սերժ Ազատիչը տեղեկացրել է ինձ Երևանում վերջին իրադարձությունների, ես կասեի, ողբերգական իրադարձությունների մասին։ Ցանկանում եմ ընդգծել և հիշեցնել, որ Ռուսաստանը ամենասկզբից վճռականորեն դատապարտել է գրոհայինների այդ գործողությունը։ Ռուսաստանը գտնում է, որ ներքաղաքական որևէ խնդիր ոչ լեգիտիմ, հակասահմանադրական մեթոդներով լուծելու ցանկացած փորձն անընդունելի է», - ասել է Պուտինը Երևանի վերջին իրադարձությունների մասին։