Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի քրեական գործին միացվել են երկու այլ քրգործեր: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեցին զինված խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի և Պավել Մանուկյանի պաշտպանները։
Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի փոխանցմամբ, ՊՊԾ գնդի տարածքի գրավման քրեական գործին են միացվել նաև 2015 թ․ «Հիմնադիր խորհրդարանի» մի քանի անդամների, ինչպես նաև ամիսներ առաջ Ժիրայր Աեֆիլայնի հետ կապված քրեական գործերը:
Հիշեցնենք՝ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «զանգվածային անկարգություններ նախապատրաստելու» մեղադրանք առաջադրվեց «Հիմնադիր խորհրդարանի» մի քանի անդամների, այդ թվում՝ Գարեգին Չուգասզյանին և ժիրայր Սեֆիլյանին․ վերջիններս կալանավորվեցին, սակայն, որոշ ժամանակ անց ազատ արձակվեցին:
Ամիսներ առաջ էլ մեկ այլ քրգործ հարուցվեց, որի շրջանակում «մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենքի շրջանառություն կազմակերպելու» մեղադրանքով կալանավորվեց «Հիմնադիր Խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ այդմ, Վարուժան Ավետիսյանին արդեն առաջադրված երկու մեղադրանքներին (պատանդ վերցնելը, շենք-շինություններ գրավելը) ավելացել է երրորդ՝ 2015-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքը։
Նույնը տեղի է ունեցել նաև Պավլիկ Մանուկյանի պարագայում՝ նա ևս այժմ մեղադրվում է ապօրինի զենք պահելու և փոխադրելու, շենքեր և շինություններ զավթելու, ինչպես նաև 2015-ին զանգավածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։