Քիչ առաջ Կրեմլում ավարտվել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում Սարգսյանը հայտարարել է, թե ԼՂ խնդրի կարգավորման հարցում «պատրաստ ենք ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»։
«Ես հաճույքով ձեզ կտեղեկացնեմ Բաքվում Ալիևի հետ ունեցած մեր զրույցի արդյունքների մասին»,- ռուսական «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, Սարգսյանին ասել է Պուտինը: Հայաստանի նախագահն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գործադրած քաղաքական և դիվանագիտական ջանքերի համար։
«Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես ուզում եմ իմ անձնական երախտագիտությունը հայտնել ձեզ, ռուսական կողմին, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն ուղղված քաղաքական և դիվանագիտական ջանքերի համար։ Եվ իհարկե, այստեղ շատ շատ կարևոր է, որ կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մենք դրան պատրաստ ենք»,- ասել է Հայաստանի նախագահը՝ նաև Պուտինին շնորհակալություն հայտնելով իրեն Մոսկվա հրավիրելու համար։
ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել է նաև Երևանի ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը, նշելով, թե «անթույլատրելի են քաղաքական հարցերը ոչ օրինական ճանապարհով լուծելու փորձերը»: Պուտինը Սարգսյանին շնորհավորել է՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո երկրի «ՀՆԱ-ի` 10 տոկոսով աճի կապակցությամբ»: Ռուսաստանի ղեկավարը նաև հայտարարել է, թե «Հայաստանը Ռուսաստսանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում»:
Սերժ Սարգսյանը հավելել է՝ ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև ընթացիկ տարվա առաջին կեսին աճել է 12 տոկոսով: Այս «հաջողությունները» Հայստանի նախագահը կապել է ԵՏՄ-ին Հայստանի անդամակցության հետ: Սարգսյանը նաև ասել է, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև «չկան լուրջ խնդիրներ»: