«Վանաձոր քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի մի քանի տասնյակ աշխատողներ այսօր առավոտյան հավաքվել էին գործարանի առջև` պահանջելով դեռևս 2011 թվականից մնացած 4-5 ամսվա աշխատավարձի պարտքը:
Նրանք դեռ 2012-ին դատի էին տվել Ջէկ-ի սեփականատեր «Ռեգիոն Էներջի» ընկերությանը: 2014 թվականին դատը շահել էին, բայց մինչ օրս 153 աշխատողներից ոչ մեկն իր գումարը չի ստացել: Դատարանը սնանկ էր ճանաչել ընկերությանը՝ պարտավորեցնելով գույքի վաճառքից ստացվելիք միջոցներից վճարել շուրջ 130 միլիոն դրամի աշխատավարձի պարտքը: Ավելի ուշ, սակայն, պարզվել էր, որ ընկերությունը գույք չունի:
Աշխատավարձի պարտքերը մարելու էր ընկերության իրավահաջորդ «Վանաձոր քիմպրոմ»-ը, որը ևս սնանկ է ճանաչվել այս տարեսկզբին: Ջէկ-ի տնօրեն Էդիկ Հունանյանը թվարկում է քիմպրոմի միլիարդների հասնող պարտքերն ու նկատում, որ ընկերության պարտատերերի նախնական ցուցակում աշխատավարձի վճարումն ամենևին էլ առաջին հորիզոնականներում չէ՝ «Այսինքն՝ ում կուզենան կտան, ում հերթը երբ կհասնի․․․դա կլինի 100 տարի հետո, մենք մեր հնարավորությունները գիտենք, հնարավոր չի, որ էդքան մարում կատարվի, որ հերթը հասնի էս մարդկանց աշխատավարձին․․․»:
Զայրացած քիմպրոմցիները կարծում են, որ խնդիրը կարող է լուծել միայն երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահը կամ վարչապետը: «Բոլորից, վերին խավերից պահանջում են իմ աշխատավարձը, որ իրանց ծածուկ տեղը նստած, ջեբները տռզացրած ման են գալիս, աշխատղ մարդը մի կոպեկ չունի, որ տրանսպորտի փող անի»,- դժգոհում էր աշխատողներից մեկը:
Սոցիալական ծանր պայմաններում ապրող քիմպրոմցիները դեռ կտրուկ քայլերի չեն դիմում, որոշել են սպասել ևս մեկ շաբաթ՝ հույսով, որ կառավարությունը որևէ կերպ կմիջամտի և կնպաստի խնդրի լուծմանը: Հակառակ դեպքում՝ խոստանում են իշխանությունների ուշադրությունն իրենց վրա հրավիրելու համար միջպետական ճանապարհ փակել: