Մատչելիության հղումներ

Սեֆիլյանը «շարունակում է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը»


Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը համաձայն է Վիտալի Բալասանյանի՝ երեկ հարցազրույցում բարձրաձայնած մտքի հետ, թե Ժիրայր Սեֆիլյանը ՊՊԾ գնդի տարածքում ստեղծված իրավիճակում հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից:

Ենիգոմշյանը, սակայն, շեշտեց, որ դա «այդ պահին էր վերաբերում», և «նպատակը ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումն էր»․ - «Այսինքն ասել էր, որ եթե Սերժ Սարգսյանին հանդիպեմ, իմ առաջին պահանջը, իմ առաջին խոսքը չի լինելու՝ Սերժ Սարգսյան, դու հեռացիր: Դա չի լինելու, այլ կոնկրետ օրվա ստեղծված իրավիճակից ելնելով՝ քննարկել երկրի դիմագրաված ամենագլխավոր մարտահրավերները, և այդ հարցերի շուրջ, էական փոփոխությունների շուրջ համաձայնության գալ Սերժ Սարգսյանի հետ»:

Ենիգոնշյանի խոսքով, սակայն, Սեֆիլյանի՝ խաղաղ լուծմանը միտված քայլը Վիտալի Բալասանյանը այնպես ձևակերպեց, կարծես նա ընդհանրապես հրաժարվում է նախագահ Սարգսյանի հրաժարականի պահանջից:

Հուլիսի 23-ին ՊՊԾ գունդ այցելած լրագրողների հետ զրույցում Բալասանյանը մի քանի անգամ հայտարարեց, որ Սեֆիլյանը և «Սասնա ծռերի» մի շարք անդամներ հրաժարվում են Սարգսյանի հրաժարականի պահանջից․ - «Ե՛վ Ժիրայր Սեֆիլյանը, և՛ այդ տղաները, որոնք գտնվում են մեր կողքին, նրանք՝ մեծամասնությունը, հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Բայց կան մարդիկ, որոնք որ պնդում են: Կարող եմ ասել պաշտոնական, որ քիչ առաջ, կես ժամ առաջ Ժիրայր Սեֆիլյանը ասեց՝ ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականից»:

Երեկ news.am֊ին տված հարցազրույցում արդեն Վիտալի Բալասանյանը այլ կերպ ձևակերպեց միտքը․ - «Այն լուրերը, որ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից, հստակ ասեմ, որ այո, Ժիրայր Սեֆիլյանն ասեց՝ այս պահի դրությամբ ես հրաժարվում եմ և չեմ պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը»:

Ալեք Ենիգոմշյանի խոսքով, երեկվա հարցազրույցում արդեն Բալասանյանը իրականությունն է ասել։ Հիմնադիր խորհրդարանի անդամի խոսքով, Ժիրայր Սեֆիլյանի համար ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից հետո Սերժ Սարգսյանի հրաժարականը կրկին գլխավոր պահանջներից է։

Չնայած Հիմնադիր խորհրդարանի ակտիվ անդամների մի մասը կալանավորված է կամ ընդհատակում է, սակայն Ենիգոմշյանը պնդեց, որ առաջիկայում իրենք գործողությունների կդիմեն՝ առանց մանրամասնելու դրանց բովանդակությունը։

Երեկվա հարցազրույցում Վիտալի Բալասանյանը նաև պնդում էր, որ «Սասնա ծռերի» վիրավոր անդամները «իդեալական պայմաններում» են պահվում․ - «Ես երեկ անձամբ եղել եմ դատապարտյալների հիվանդանոցում, հանդիպել եմ բոլոր վիրավորին: Կարող եմ ասել՝ կա հիվանդասենյակներ, որտեղ այս պահի դրությամբ Պավել և Արամ Մանուկյաններն են, հանրապետության որևէ հիվանդանոցում այնպես կահավորված, լավ վիճակում հիվանդասենյակ չկա»:

Արձագանքելով այդ վերջին հայտարարությանը՝ Ենիգոմշյանն առաջարկում է լրատվամիջոցներին թույլ տալ նկարահանումներ կատարել դատապարտյալների հիվանդանոցում:

Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը պատմում է, որ միայն մեծ աղմուկից հետո են Մանուկյանների անմխիթար սենյակը փոխել․ - «Քանի որ Արամ Մանուկյանը, ինչպես գիտեք, սարսափելի պայմաններում էր պահվում դատապարտյալների հիվանդանոցում: Այդ կարանտինային սենյակները փոքր-ինչ վերանորոգվել են, ընդամենը կոսմետիկ վերանորոգում է եղել, մի փոքր տեսքի են բերվել, և իմ պաշտպանյալները տեղափոխվել են այդ հիվանդասենյակներ: Ընդհանրապես համաձայն չեմ պարոն Բալասանյանի այդ դիտարկմանը, որ սենյակները իբր գտնվում են շատ բարվոք և իդեալական վիճակում»:

Պետրոսյանի խոսքով, իր մյուս պաշտպանյալ Արմեն Լամբարյանի հիվանդասենյակում, որտեղ գտնվում են նաև «Սասնա ծռերի» մի քանի անդամներ, ավելի վատ պայմաններ են․ - «Նրա գտնվելու վայրը ընդհանրապես չի բավարարում որևէ պայմանի, որևէ վերանորոգում այնտեղ չկա, և ականատես եմ եղել, թե ոնց են բերում և դեղորայք դնում խավավարասերների դեմ: Այս պահի դրությամբ այնտեղ կա մի հատված, որտեղ գտնվում են Աշոտ Պետրոսյանը, Թաթուլ Թամրազյանը, Արմեն Լամբարյանը և Հովհաննեսը, այնտեղ ընդհանրապես պայմանները բավարար չեն»:

Վիտալի Բալասանյանը երեկվա հարցազրույցում պնդել էր, թե հիվանդանոցի վատ պայմանների մասին խոսողներին պատրաստ է ցանկացած ժամի տանել «Դատապարտյալների հիվանդանոց» և կալանավայրեր՝ ապացուցելու համար, որ պայմանները լավն են։

Իսկ այսօր՝ ամբողջ օրվա ընթացքում, Բալասանյանը զանգերին չպատասխանեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG