Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանին ազատ արձակելու հայցապահանջը։ «Զինված խմբի անդամին երկու ամսով կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ թողնելով՝ վերաքննիչ դատարանը քաղաքական որոշում կայացրեց»,- «Ազատության» հետ զրույցում պնդեց Հարությունյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Նրա խոսքով, ինչպես առաջին ատյանը, վերաքննիչը ևս որևէ հիմնավորում չներկայացրեց՝ հրազենային ծանր վիրավորում ստացած Հովհաննեսին ճաղերի հետևում պահելու համար։ «Այսինքն, որևէ փաստաթուղթ չի ներկայացրել նախաքննական մարմինը դատարանին, անարգել է արդարադատությունն այն դատավորը, որն այսպիսի որոշում է կայացրել: Իսկ այս դեպքում, երբ մերժվեց հայցը, դատարանը ևս մի քննություն չհանձնեց և դրանով իսկ՝ արդարադատության նկատմամբ ընդհանրապես հավատի տեղ չթողեց»,- ասաց փաստաբանը։
Շենք-շինություններ զավթելու, ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, կրելու, փոխադրելու մեջ մեղադրվող Հովհաննես Հարությունյանի պաշտպանների փոխանցմամբ՝ նախաքննական մարմինը միայն նշել է, որ ազատության մեջ գտնվելով՝ զինված խմբի անդամը կարող է խոչընդոտել նախաքննությանը և ազդեցություն գործել ուրիշների վրա։ Պաշտպան Արայիկ Պապիկյանը տարակուսում է՝ ինչպե՞ս կարող է անկողնուն գամված երիտասարդը խոչընդոտել նախաքննությանը։
Պապիկյանի խոսքով, «Սասնա ծռեր»-ի գործը քննող մարմինը դեռևս չի անհատականացնում խմբի անդամների հանցավոր արարքները, մասնավորապես, չհստակեցնելով Հովհաննես Հարությունյանի գործողությունները զինված խմբում։ «Հոդված, որի մասին ոչ մի ապացույց, փաստաթուղթ, նյութ, ապացուցողական նշանակության ինչ-որ բան, որը կվերաբերեր Հովհաննես Հարությունյանի արարքին, այսինքն՝ հիմնավոր կասկածին, չկա գործի մեջ։ Գործի մեջ կա ընդամենը վարույթ իրականացնող մարմնի կողմից գրված որոշումներ, դրանք ըստ էության ապացույցներ չեն»,- ասում է փաստաբանը։
Երեկ երեկոյան տեղի ունեցած նիստին մասնակցում էր նաև դատապարտյալների հիվանդանոցից պատգարակով վերաքննիչ դատարան բերված՝ 29-ամյա Հովհաննեսը, ով, պաշտպանի փոխանցմամբ, հայտարարել է, թե ինքն ու ընկերները հանցագործ չեն՝ «Երեկ հայտարարություն է արել, ասելով, որ մտածում է հայրենիքի մասին, հանցագործ չէ, և իր հայրենիքը չունի գեթ մեկ թիզ հող, որն անպիտան լինի, մենք ուզում ենք դա պաշտպանել»,- իր պաշտպանյալի խոսքերն է փոխանցում Արայիկ Պապիկյանը:
Ըստ Ազգային անվտանգության ծառայության, հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Հովհաննես Հարությունյանը զինված խմբի մեկ այլ անդամի՝ Աշոտ Պետրոսյանի հետ դուրս է եկել գնդի տարածքից և փորձել է ճեղքել ոստիկանական պատնեշը: Ոստիկանները կրակ են բացել, ինչի հետևանքով զինված խմբի նշված երկու անդամները հրազենային վիրավորումներով հայտնվել են հիվանդանոցում։
Զինված խմբի մեկ այլ անդամ՝ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի կարծիքով, Հովհաննես Հարությունյանին ազատ արձակելու դիմումը մերժելով՝ իշխանությունները ցույց տվեցին, որ նույն կերպ են վերաբերվելու նաև «Սասնա ծռեր»-ի մյուս անդամների հետ։ Փաստաբանն, ի դեպ, օրեր շարունակ ահազանգում է, որ իր պաշտպանյալին շարունակում են անմարդկային վերաբերմունքի արժանացնել բանտում։
«Համոզված եմ՝ եթե Հովհաննեսի դեպքում նման որոշում կայացվեց, ապա այս գործերով հույս չունեմ, որ դատարանները օրինական որոշումներ կկայացնեն։ Ինչ վերաբերում է Արայիկ Խանդոյանին, նրա իրերի հետ մեկտեղ ակնոցներն է առգրավված, բողոք եմ ներկայացրել։ Դա Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է՝ անմարդկային վերաբերմունք, երբ անձը չի կարող գրել, միայնակ չի կարող տեղաշարժվել։ Այսինքն՝ այդ հանցագործության ինչ տարրեր է պարունակվում ակնոցների մեջ։ Այս ամեն ինչը նշանակում է, որ ճնշեն»,- ասում է Ղարագյոզյանը։
Հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ, ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով մեղադրանք է առաջադրվել 44 հոգու, որից 42-ը կալանավորված է։ Բոլոր կալանվածների պաշտպանները բողոքարկել են կալանավորման մասին որոշումները։