Մատչելիության հղումներ

Սարգսյանն ու Պուտինն այսօր Մոսկվայում կհանդիպեն


Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում, 8-ը մայիսի, 2014թ.
Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում, 8-ը մայիսի, 2014թ.

Ըստ «Նովոստի» լրատվական գործակալության,  Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ղարաբաղյան խնդիրն են քննարկելու։

Երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին։

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այցի շրջանակներում բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև Եվրասիական տարածում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր։

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մամլո ծառայությունները նույն հաղորդագրություն են տարածել։ Հաղորդագրություններում չի հիշատակվում ղարաբաղյան հիմնախնդիրը։

Ռուսական «Նովոստի» պետական լրատվական գործակալությունը, իր վերլուծական հոդվածում գրում է, որ Պուտինը և Սարգսյանը հենց ղարաբաղյան խնդիրն են այսօր քննարկելու։

Գործակալությունը նշում է, որ Հայաստանում իրավիճակը բարդ է, որ հայկական որոշ ընդդիմադիր կուսակցություններ ֆինանսավորվում են Արևմուտքից և մտադիր են տապալել գործող իշխանություններին։ Ինչը, հոդվածի հեղինակի կարծիքով, ինքնասպանություն է ղարաբաղյան խնդիր ունեցող Հայաստանի համար։ Իսկ ղարաբաղյան հակամարտությունն էլ հայտնվել է գերտերությունների հետաքրքրությունների խաչմերուկում։

«Այն վճռականությունը, որ ցուցաբերել է Սերժ Սարգսյանը ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման հարցում թույլ է տալիս հուսալ, որ Սարգսյանը պատրաստ է երկրի տնտեսության հարցերում լուրջ քայլերի գնալ և մտադիր է Պուտինին փոխանցել կոնկրետ առաջարկներ, սակայն Պուտին-Սարգսյան հանդիպման առանցքային հարցը Ղարաբաղն է լինելու», - ասվում է հոդվածում։

Հոդվածագիրը նաև կարծիք է հայտնում, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Պուտինը դարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միակ հեղինակավոր միջնորդը և Վաշինգտոնին սա դուր չի եկել։ «Դրա համար Արևմուտքը կազմակերպել է ՊՊԾ գնդի տարածքի գրավումը Հայաստանում, որի նպատակն էր տապալել Ալիևի և Սարգսյանի միջև նախնական պայմանավորվածությունները», - գրել է ռուսաստանցի լրագրողը։

Ըստ «Նովոստի»-ի, Սերժ Սարգսյանի համար արդեն բարդ կլինի գնալ զիջումների, և հենց այս իրողությունն է Հայաստանի նախագահը փորձելու հասցնել Պուտինին այսօրվա բանակցությունների ժամանակ։

Փորձագետները համարում են, որ այսօր կայանալիք Պուտին - Սարգսյան հանդիպումը տրամաբանական շարունակությունն է Պուտին - Ալիև, Պուտին - Էրդողան հանդիպումների, և կասկած չունեն, որ այսօրվա բանակցությունների առանցքային հարցը ղարաբաղյան հիմնահարցն է լինելու:

«Նովոստի»-ն գրում է, որ Սերժ Սարգսյանն այսօր փորձելու է համոզել Վլադիմիր Պուտինին, որ ՊՊԾ գնդի գրավման դրամայից հետո ինքը չի կարող գնալ զիջումների:

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը նույնպես կարծում է, որ այսօր հանդիպումը պատահական չէ․ - «Մեր իշխանությունները վերջին տարիներին Ռուսաստանին տվեցին գրեթե մեր ամբողջ տնտեսությունը՝ էներգետիկ ոլորտը, կապը, երկաթգիծը, վերջին ժամանակներս նաև ստրատեգիական օբյեկտներ տվեցին՝ անվտանգության հետ կապված, ու ստացվեց այնպես, որ մենք ինքներս Ռուսաստանի ձեռքը տվեցինք մեր խաղաքարտերը, այս պրոցեսից դուրս թողեցինք Արևմուտքը, ու հիմա Ռուսաստանն ինքն իր քայլերն անում է: Պատահական չէ, որ այս հանդիպումներից հետո Պուտինը կանչեց Սերժ Սարգսյանին․․․ Դա հանդիպում չէ հավասարը հավասարի հետ, դա ռուսերեն շատ լավ են ասում՝ на ковер вызвать»:

Գրիգորյանը կարծում է, որ օգոստոսի 8-ին և 9-ին Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպումների ընթացքում Պուտինը մանրամասնորեն քննարկել է ղարաբաղյան խնդիրը, հստակեցրել է անելիքները, և այսօր արդեն Հայաստանի նախագահին է իր մոտ կանչել:

Վերլուծաբանը նաև համոզված է, որ Մոսկվան Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու լուրջ գործիքներ ունի․ - «Եթե Սերժ Սարգսյանը չկարողանա ասել, ես պարզ ձեզ ասեմ՝ Հայաստանում իրոք ապստամբություն կբարձրանա, ու այս դեպքում դա ոչ թե առանձին խումբ կլինի, այլ ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի, ու այս պլանները կխափանի հենց ժողովուրդը և հայոց բանակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG