Մատչելիության հղումներ

Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար ոստիկանության երկու սպայի մեղադրանք է առաջադրվել


Ոստիկանությունը ուժի գործադրմամբ ցրում է Բաղրամյան պողոտայի նստացույցը, 23-ը հունիսի, 2015թ.
Ոստիկանությունը ուժի գործադրմամբ ցրում է Բաղրամյան պողոտայի նստացույցը, 23-ը հունիսի, 2015թ.

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է, որ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության երկու սպաների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար։

«2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցներ՝ ոստիկանության փոխգնդապետ Ա. Դ.-ին և ոստիկանության կապիտան Ն. Պ.-ին», - փոխանցում է ՀՔԾ-ն:

Ծառայությունը նշում է, որ ոստիկանության փոխգնդապետ Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի հունիսի 23-ին խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև վնասել է վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

«Բացի այդ, ոստիկանության կապիտան Ն. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս հիշյալ օրը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը», - ասված է հաղորդագրությունում:

ՀՔԾ-ն հիշեցնում է, որ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG