Մատչելիության հղումներ

Պուտինի, Ռոհանիի ու Ալիևի Բաքվում ընդունած հռչակագրում ԼՂ-ն չի հիշատակվում


Երեկ Բաքվում կայացել է Ռուսաստան - Ադրբեջան - Իրան գագաթաժողովը։ Երեք երկրների նախագահները համատեղ հռչակագիր են ընդունել և պայմանավորվել են նորից հանդիպել 2017 թվականին՝ Իրանում։

Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի ընդունած հռչակագրում Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում, սակայն կա կետ, որը վերաբերում է հակամարտություններին։ «Կողմերը համարում են, որ տարածաշրջանային չկարգավորված հակամարտությունները զգալիորեն խոչընդոտում են տարածաշրջանային համագործակցությանը, և դրա հետ կապված կողմերն ընդգծում են դրանց շուտափույթ խաղաղ կարգավորման կարևորությունը՝ բանակցությունների ճանապարհով միջազգային իրավունքների նորմերին և սկզբունքներին և դրանց կապակցությամբ ընդունված որոշումների և փաստաթղթերի հիման վրա», - ասված է հռչակագրում։

Ղարաբաղի մասին գագաթաժողովը բացելիս խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Իր ելույթում նա նշել է, որ «Իրանն ու Ռուսաստանը հարգանքով են վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը, և որ երկու կողմերն էլ բազմիցս հայտարարել են, որ խնդիրը պետք է կարգավորել՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Ալիևը կրկին նշել է, որ «այսօրվա ստատուս քվոն ընդունելի չէ, և խնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը նախևառաջ ազատի տարածքները»։

Գագաթաժողովի ժամանակ Պուտինն ու Ռոհանին, սակայն, Ղարաբաղից չեն խոսել, փոխարենը շեշտել են, որ տարածաշրջանում ձևավորվում է համագործակցության նոր ձևաչափ։

Գագաթնաժողովի առանցքային հարցը Հյուսիս-Հարավ երկաթգիծն էր, իրանա-ադրբեջանական Ռեշտ-Աստարա հատվածի շուրջ կողմերը պայմանավորվել են, և նախատեսվում է այն շահագործման հանձնել 2018 թվականին, ինչը թույլ կտա Պարսից ծոցը կապել Ռուսաստանի, ինչպես նաև արևելյան և հյուսիսային Եվրոպայի հետ։ Միջազգային տրանսպորտային այս միջանցքը կարևորում են թե՛ Թեհրանը, թե՛ Բաքուն և թե՛ Մոսկվան։

Բաքվում երեկ նաև կայացել են Պուտին - Ալիև, Պուտին - Ռոհանի հանդիպումները, որոնք հիմնականում անցել են փակ դռների հետևում, իսկ գագաթաժողովի ավարտից հետո Ադրբեջանի նախագահը հրավիրել է Ռուսաստանի նախագահին իր տուն՝ թեյ խմելու։ Թե ի՞նչ են խոսել և պայմանավորվել Պուտինն ու Ալիևը Բաքվում թեյ խմելիս, նրանց մամլո ծառայությունները չեն հայտնում։

Հիշեցնենք, ղարաբաղյան հարցը վաղը՝ օգոստոսի 10-ին արդեն Մոսկվայում Պուտինը կքննարկի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG