Իրավապաշտպանները բավարար չեն համարում Հայաստանի ոստիկանապետի՝ մի շարք բարձրաստիճան ոստիկանների խիստ նկատողություն հայտարարելու, որոշների լիազորություններն էլ դադարեցնելու որոշումը։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով, անհապաղ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր այն ոստիկաններն ու նրանց հրաման տվողները, որոնք պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից հետո սկիզբ առած բողոքի ակցիաների ժամանակ անհամաչափ ուժ են կիրառեցին քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ:
«Դատելով Սերժ Սարգսյանի ելույթից, ինքը չէր էլ պատրաստվում որևէ մեկին նկատողություն հայտարարել կամ պատժել: Ուղղակի արձագանքները, այդ թվում միջազգային կառույցների կողմից, ստիպեցին, որպեսզի կոսմետիկ քայլերի դիմեն։ Այդպիսի քայլեր նախկինում էլ են արել։ Դրանք կամաց-կամաց կհարթվեն, իրենց թվում է, թե ամեն ինչ մոռացության կմատնվի ու նորից կշարունակեն ապրել այնպես, ինչպես ապրում են»,- ասում է Վարդան Հարությունյանը։
Ոստիկանությունը երեկ երեկոյան տարածած հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ 14 բարձրաստիճան ոստիկան կարգապահական պատասխանատվության է ենթարկվել։ Հուլիսի 19-ին Երևանի Խորենացի փողոցում և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ծառայողական քննության նախնական արդյունքների հիման վրա, ոստիկանապետի հրամանով, նրանք նկատողություն են ստացել։ Մասնավորապես, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին հայտարարվել է խիստ նկատողություն։
Ոստիկանությունը հայտնել է նաև, որ ծառայողական քննության արդյունքներով ձեռք են բերվել տեղեկություններ՝ ոստիկանության մի շարք ծառայողների կողմից «անհամաչափ ուժ գործադրելու դեպքերի վերաբերյալ», ինչի հիման վրա դադարեցվել է 5 ոստիկանի, այդ թվում՝ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր՝ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները։ Լեռնիկ Երանոսյանի ձեռքին պայթուցիկ սարքով լուսանկարը լայնորեն շրջանառվեց սոցցանցերում Սարի թաղի դեպքերից անմիջապես հետո։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ, այս պատիժները համարժեք չեն պատժվողների գործողություններին: Պատասխանատվության ենթարկված ոստիկանները կատարել են վերադասի հրամանները, ընդ որում՝ մեծ նվիրվածությամբ, ասում է իրավապաշտպանը, հավելելով՝ «Լեռնիկ Երանոսյանին ինչ-որ մեկը պետք է տար չէ՞, այդ պայթուցիկը, որ ինքը նետում էր կամ պատրաստվում էր նետել: Նա հո իրենց տնից դա չէ՞ր բերել, նրան տվել են, ասել են՝ կնետես։ Հիմա այդ մարդու բախտը չի բերել և հայտնվել է տեսախցիկի մեջ, և նրան պատժել են։ Չեմ ուզում անդրադառնալ մասնավոր անձերի, երևույթի մասին է խոսքը։ Ոստիկանությունը չի ծառայում օրենքին, ժողովրդին, ծառայում է երկրի քաղաքական իշխանությանը և կատարում է իշխանության հրահանգները»:
Ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է նաև, որ ծառայողական քննության վերաբերյալ նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Չնայած այդ հանգամանքին, իրավապաշտպան Սրթուր Սաքունցը կարծում է, որ իշխանությունները կբավարարվեն նկատողություններ հայտարարելով և ոստիկաններից ոմանց լիազորությունների դադարեցմամբ։ Նախկինում նման օրինակներ շատ են եղել, հիշեցնում է նա: «Անցած տարի «էլեկտրիկ-Երևանից» հետո էլ մեծ թվով ոստիկանների կարգապահական տույժի ենթարկեցին, դա որևէ ազդեցություն չունեցավ այս անգամ նրանց դրսևորած վարքագծի վրա»,- ասում է Սաքունցը։
Խորենացի փողոցում և Սարի թաղում անցած օրերին ոստիկանների վայրագությունների հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ, 16-ամյա մի պատանի էլ զրկվեց աչքից։ Այս ֆոնին փորձում են կոծկել իրավապահների հանցագործությունները, ասում է Արթուր Սաքունցն ու շարունակում՝ «Նյութերն ուղարկվում են ՀՔԾ՝ ընթացք տալու կամ ուսումնասիրելու համար, բայց ակնհայտ է, որ առկա տեսանյութերի հիման վրա ՀՔԾ-ն պետք է առանձին վարույթ սկսեր և՛ Լևոն Երանոսյանի, և՛ Աշոտ Կարապետյանի նկատմամբ, որոնք հրապարակավ և ցինիկաբար խախտեցին ոստիկանության գործառույթներն ու քաղաքացիների նկատմամբ բռնության կոչեր ու գործողություններ հրահրեցին»։
Երևանի ավագանու «Բարև Երևան» ընդդիմադիր խմբակցությունը վերջին իրադարձությունների առնչությամբ այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը։ «Քաղաքացիների նկատմամբ բռնությունները չէին կարող լինել շարքային ոստիկանի անհատական որոշմամբ. հրամանը վերևից էր տրված»,- մասնավորապես, ասված է հայտարարության մեջ: Խմբակցությունը ավագանու մյուս գործընկերներին կոչ է անում՝ միանալ այդ պահանջին։