Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Խաղաղ կարգավորմանը հնարավոր եղավ հասնել իշխանության ճիշտ որոշումների շնորհիվ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով զինված խմբավորման կողմից ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված իրավիճակին, կարծիք է հայտնել, որ «խաղաղ կարգավորմանը հնարավոր եղավ հասնել Հայաստանի իշխանությունների խոհեմ, համբերատար, հավասարակշիռ մոտեցման և ընդունված ճիշտ որոշումների շնորհիվ»։

Այս մասին, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Նալբանդյանը խոսել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ երեկ Թբիլիսիում կայացած հանդիպմանը։

Իր հերթին՝ Վրաստանի վարչապետը իր խորը մտահոգությունն է հայտնել և ցավակցել Հայաստանի իշխանություններին երկու զոհերի կապակցությամբ՝ շեշտելով, որ Վրաստանը ողջունում է այն քայլերը, որոնց արդյունքում խնդիրը կարգավորվեց խաղաղ միջոցներով։

Պաշտոնական այցով օգոստոսի 1-ին Թբիլիսի ժամանած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել են տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին, Նալբանդյանը Մարգվելաշվիլիին է ներկայացրել Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ինչը հնարավորություն կընձեռի առաջ մղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG