Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Իրավիճակը հանգուցալուծվել է բոլորիս համար ամենաընդունելի ճանապարհով


Վերջին երկու շաբաթներին ստեղծված իրավիճակը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, հանգուցալուծվել է «բոլորիս համար, թերևս, ամենաընդունելի ճանապարհով»:

«Սասնա Ծռեր» զինված խմբի ձերբակալությունից հետո այսօր, խախտելով լռությունը, Հայաստանի նախագահը հայտարարում է, թե այնուամենայնիվ ամբողջական հանգուցալուծումը դեռևս առջևում է:

«Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար միայն ու միայն օրենքի առաջ», - ասել է Հայաստանի նախագահը՝ ելույթ ունենալով պաշտոնյաների, քաղաքական ու հասարակական գործիչների, լրագրողների առջև, և միաժամանակ վստահեցրել, որ իրավական այդ գործընթացում չի լինելու անձնական վրեժխնդրություն:

Հայաստանի ղեկավարը պնդում է, որ զինված խումբը գործել է ընդգծված ահաբեկչական ձեռագրով՝ մտադրությունները թաքցնելով հայրենասիրական և սոցիալական արդարության կոչերի ներքո:

Սերժ Սարգսյանի խոսքով, որևէ մեկին թույլ չի տրվելու քայքայել պետության հիմքերը․ - «Զենքով և բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու»:

Շնորհակալություն հայտնելով իրավապահներին գրագետ աշխատանքի, սառնասրտության ու մեծահոգության համար՝ Հայաստանի ղեկավարը որևէ կերպ չի անդրադարձել ոստիկանական բռնությունների ու ստորացումների, քաղաքական հետապնդումների, անհաչափ ուժի կիրառման մասին հարյուրավոր ահազանգերին: Միակ բացառությունը լրագրողներն են, որոնցից Սերժ Սարգսյանը ներողություն է խնդրել Սարի Թաղի դեպքերի համար՝ դա որակելով «իշխանությունների ամենաէական բացթողումը» այս օրերի ընթացքում․ - «Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու»:

Սերժ Սարգսյանը չի խոսել հնարավոր պաշտոնանկությունների կամ արտահերթ քայլերի մասին, բայց շեշտել է, որ իշխանություններ այսօր ավելի նպատակադրված են առաջ տանելու դրական փոփոխությունները: «Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է», - ասել է Սերժ Սարգսյանը՝ ըստ ամենայնի ակնարկելով գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվելիք իշխանությունը:

«Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն», - հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ չհստակեցնելով արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունների արդյունքում:

Անդրադառնալով «հողեր հանձնելու» մասին վերջին շաբաթներին նաև «Սասնա ծռերի» կողմից հնչող քննադատությանը՝ Սարգսյանը հակադարձել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

«Իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս», - Բաղրամյան 26-ում հավաքվածներին վստահեցրել է Սերժ Սարգսյանը:

XS
SM
MD
LG