Այսօր երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Բաղրամյան պողոտա և փակեցին այն:
Պողոտայի սկզբնամասում ոստիկանական ավտոբուսներ երևացին, որոնք փորձում էին շարժվել դեպի Նախագահական նստավայր: Ցուցարարներից մեկը պառկեց ավտոբուսներից մեկի առջև՝ թույլ չտալով առաջ շարժվել, մյուս ավտոբուսը շարժվեց դեպի նախագահական նստավայր:
Այն բանից եհտո, երբ ցուցարաների մի մասը նստացույց սկսեց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, ոստիկանները փշալարով փակեցին այն:
Բաղրամյանում գտնվող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակի լուծումը Սերժ Սարգսյանի հրաժարականն ու ժամանակավոր կառավարության ստեղծումն է:
«Սա Հայաստանի խաղաղության, արժանապատվության և ազատության վերջին շանսի պայքարն է», - ասաց Հովհաննիսյանը:
Նա դատապարտեց ցուցարարների ու լրագրողների դեմ ոստիկանության երեկվա հատուկ գործողությունները՝ դրանք «քստմնելի, վախկոտ, միջազգային ու հայկական օրենքների կոպիտ խախտմամբ կատարված արարքներ» որակելով: