Երեկ Սարի թաղում ոստիկանների հետ բախումներից տուժած 16-ամյա Սայադ Հարությունյանի ձախ աչքը հեռացրել են: Այսօր առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում այդ մասին «Ազատությանն» ասաց տղայի հորեղբայրը՝ Կարո Հարությունյանը։ «Ձախ աչքը հեռացրին, բժիշկն ասաց, որ լրիվ պայթած էր, ամեն ինչ արեցին, որ գոնե պրոթեզավորեն ու մյուս աչքը պահպանեն»,- պատմեց պատանու հորեղբայրը:
Եղբոր տղայի առողջության մասին լուրերի սպասող Կարո Հարությունյանը հուզված պատմում էր, որ Սայադը կապ չի ունեցել երեկվա բախումների հետ։ Վարդենիսում ապրող երիտասարդը Երևան էր եկել՝ հորեղբորը տեսակցելու։ Սարի թաղ տանող ճանապարհով քայլելիս է եղել, երբ լուսաձայնային նռնակների պայթյունից առաջացած բեկորներն ընկել են տղայի վրա՝ «Երեխան զանգեց տղայիս, ասաց՝ շտապ արի Մասիվի հիվանդանոց․․․»:
Գետնին տապալվելուց հետո Սայադը հազիվ հասցրել է հորեղբորորդուն զանգահարել, հետո շտապօգնության մեքենայով Սարի թաղի բնակիչները նրան հասցրել են հիվանդանոց։ «Գնացի հարցրի, ասի՝ ի՞նչ ա եղել, ասին վնասվել է, հետո երեխեն ինձ պատմեց, որ ընկել ա, դուբինկով ուզեցել են ծեծեն, բայց չեն ծեծել»,- շարուանկեց Կարո Հարությունյանը:
Երեկ Սարի թաղում և Խորենացի փողոցում ոստիկանների հետ բախումներից հիվանդանոցներ տեղափոխվեցին ավելի քան 60 քաղաքացիներ, նրանցիցի մոտ 30-ը արդեն դուրս է գրվել, այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, շեշտելով, թե չի կարող ասել՝ տուժածների վնասվածքներն ինչից են առաջացել։ Ըստ բժշկի, գիշերը հիվանդանոց տեղափոխվածների մոտ առկա են եղել վերջույթների, գլխի վնասվածքներ։ Դեռևս հիվանդանոցում գտնվողների վիճակը Մանուկյանը գնահատեց «կայուն»։
Սարի թաղի և Խորենացի փողոցի բախումներից հետո ուշ գիշերին «Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիներն այսօր զայրացած քննադատում էին ոստիկաններին՝ «անզեն քաղաքացիների նկատմամբ հատուկ միջոցներ գործադրելու, ծեծի ենթարկելու համար»։ Ակտիվիստ Դավիթ Սանասարյանն էլ, ով հիվանդանոց էր բերել վիրավոր հորը, «Ազատության» հետ զրույցից հետո քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բերման էր ենթարկվել։
Սարի թաղի մի բնակչուհի էլ պատմում էր, որ տանը նստած են եղել, երբ տունը այրվել է, Հազիվ են հասցրել փրկվել՝ «Հենց փողոցի վրայի տունն ա, հիմա ամբողջ տունը տրաքած ա, տան մեջ կար 6 երեխա, հիմա երեխաներին տնից հանել ենք, որովհետև ամբողջ տունը գազ ա լցված, բոլոր երեխաները ստրեսի մեջ են․․․»:
Այսօր, լրագրողների հետ զրույցում, «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն էլ տեղեկացրել է, որ Ոստիկանների հետ բախումներից հետո երեկ միայն իրենց հիվանդանոց է տեղափոխվել 16 մարդ, որոնցից 9-ը շարունակում են բուժում ստանալ: