Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան: Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազության կայքէջը, որում տեղադրված հաղորդագրության մեջ նաև նշված է՝ «Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը կապ է հաստատել լրատվամիջոցների հետ՝ (Արմենիա հեռուստաընկերություն, azatutyun.am, a1plus.am, 1in.am, lragir.am, panorama.am, civilnet.am, news.am, armlur.am) խնդրելով դատախազությանը տրամադրել լրագրողների նկատմամբ բռնության և տեխնիկայի վնասման վերաբերյալ իրենց տրամադրության տակ գտնվող փաստերը՝ քրեական գործի շրջանակներում դրանք ուսումնասիրության առարկա դարձնելու համար: ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում, եթե կան այլ լրատվամիջոցներ, որոնց աշխատակիցները տուժել են վերոնշյալ դեպքերի հետևանքով, լրագրողների նկատմամբ բռնության վերաբերյալ ցանկացած առկա փաստ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն»: