Մատչելիության հղումներ

Սեֆիլյան․ «Մենք ազգովի գտնվում ենք մի նավակում, որը Սերժ Սարգսյանը ցանկանում է խորտակել»


«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդը մանրամասներ է ներկայացրել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված ճգնաժամի շուրջ ընթացող բանակցային գործըթնացից

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ, ավելի քան մեկ ամիս առաջ զինված խմբավորումների միջոցով շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու ծրագրեր ունենալու կասկածանքով ձերբակալված, ապա մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ անցած 3-4 օրերի ընթացքում իրեն 2 անգամ բանագնացներ են այցելել, ինչպես նաև մեկ անգամ զանգահարել են ու՝ «փոխանցել, որ Սերժ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումը և շարունակում է մնալ այն կարծիքին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը, որից հետո միայն տեղի կունենա հանդիպում իմ և իր մեջ»:

«Ես էլ իմ կողմից հայտնել եմ նրանց, որ նույնպես շարունակում եմ մնալ հավատարիմ իմ այն դիրքորոշմանը, որ տղաների հետ իմ հանդիպման նպատակը քաղաքական ոսկի միջին գտնելն է: Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել: Ես շարունակում եմ պնդել իմ այս դիրքորոշումը: Սերժ Սարգսյանի կողմից այս հարցում համաձայնության չգալը ծանր հետևանքներ է ունենում մեր ժողովրդի համար, որի համար ես շատ ցավում եմ: Մենք ազգովի գտնվում ենք մի նավակում, որը Սերժ Սարգսյանը ցանկանում է խորտակել: Դրա մասին են վկայում նրա կողմից համաձայնության չգալը և ժողովրդի դեմ անողոք մեթոդների կիրառումը», - նաև հավելել է Ժիրայր Սեֆիլյանը, ում հաղորդագրությունը՝ ուղարկված «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, տարածել է «Հիմնադիր խորհրդարանը»:

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդը նաև նշել է, որ շարունակում է բաց մնալ՝ գործակցելու համար, որի նպատակն է ժամ առաջ կանգնեցնել արյունահեղությունը:

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք գրավել էին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդ վերցրել այնտեղ գտնվող անձանց, հարձակման ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, երկու կողմից կային վիրավորներ: Ավելի ուշ պատանդներն ազատ արձակվեցին, բայց երբ իշխանությունները սկսեցին արգելել սննդի մատակարարումը ՊՊԾ գնդի տարածքի երկայնքով ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտուց ներս, իսկ այնուհետև իրավապահների հետ բախումներում վիրավորվեցին և հիվանդանոց տեղափոխվեցին զինյալ խմբի մի շարք անդամներ՝ զինյալ խումբը պատանդ վերցրեց շտապօգնության բուժաշխատողների:

ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի պահանջների թվում են «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, Սերժ Սարգսյանի հրաժարականը, վստահության կառավարության ձևավորումը, արտահերթ ընտրությունների անցկացումը:

Անցած օրերի ընթացքում մեծ թվով քաղաքացիներ երթեր և ցույցեր են անցկացնում դեպի ՊՊԾ գնդի տարածք տանող Խորենացի փողոցում, Ազատության հրապարակում՝ պահանջելով արյունահեղություն թույլ չտալ և սնունդ ու բժշկական օգնություն ապահովել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների համար:

Հուլիսի 20-ին, 21-ին և անցած գիշեր՝ 29-ին, ոստիկանությունը ուժ և հատուկ միջոցներ է գործադրել ցուցարարներին ցրելու համար: Հուլիսի 29-ին ոստիկանական գործողությունների ընթացքում հատուկ թիրախավորվել են լրագրողները:

«Հիմնադիր խորհրդարանը» այսօր նաև հայտարարություն է տարածել այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ անդրադառնալով ցուցարարների, լրագրողների դեմ բռնությունների դեպքերին և Երևանի խիտ բնակեցված Սարի թաղում հատուկ միջոցների գործադրման և հրդեհի փաստերին:

«Վերոնշյալը վառ կերպով վկայում է, որ Հայաստանում իշխանությունը զավթել է պետական զանգվածային ահաբեկչություններ իրականացնող հանցագործ ավազակախումբ, և որից ազատվելը ենթադրում է հակաահաբեկչական գործողություններ: Այսպիսով բոլորի համար ակնհայտ է դառնում Սասնա Ծռերի գործողությունների, որպես բռնակալության տապալման վերջի միջոցի անհրաժեշտությունը», - հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանը» և կոչ արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ «անհապաղ ենթարկվել ժողովրդի կամքին» և «սկսել իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը», որպես առաջին քայլ առաջարկելով բանակցություններ սկսել «Սասնա Ծռերի ապստամբների հետ»:

«Սա մեր ժողովրդի ու քո վերջին հնարավորությունն է անցնցում քաղաքական փոփոխությունների», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG