Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ոտքի Հայաստան»-ի անդամներ Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Սանասարյանը


Արմեն Մարտիրոսյան, 23-ը հուլիսի, 2016 թ․
Արմեն Մարտիրոսյան, 23-ը հուլիսի, 2016 թ․

Հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։

Հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ» Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել են երեկվա երթի առաջնորդներից «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիոսյանը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամներ Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Սանասարյանը։ Երեքն էլ ձերբակալվել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։

Արմեն Մարտիոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանն այսօր բողոքարկեց ձերբակալման մասին որոշումը, սական, անարդյունք: Փաստաբանի պնդմամբ, իր պաշտպանյալը երեկ ոչ միայն զանգվածային անկարգություններ չի կազմակերպել, այլև հակառակը՝ փորձել է հանդարտեցնել իրավիճակը։ «Նույնիսկ, էսպես ասեմ՝ զանգվածային անկարգություն քաղաքացիների կողմից չի եղել էնտեղ, որ իբր Արմենն էլ կազմակերպեր: Հենց ոստիկանությունն էր, եթե կադրերը նայում ենք, որ հարձակում կատարեց քաղաքացիների վրա: Արմեն Մարտիրոսյանը ոչ միայն չէր հրահրում, այլև միջոցներ էր ձեռնարկում, որ բախումներ չլինեն»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Գիվի Հովհաննիսյանը:

Ժամեր առաջ ընդդիմադիր գործչին տեսակցած փաստաբանն ասում է, որ հենց ինքը՝ Արմեն Մարտրոսյանն այս ամենը քաղաքական հետապնդում է համարում, քանի որ ոստիկաններն իրեն տարել են այն պահին, երբ փորձում էր բանակցել իրավապահների հետ՝ հետագա անելիքների շուրջ։ «Ես ոստիկանության աշխատակցիների գործողություններում օրինական ոչինչ չմ տեսնում, ոնց որ․․․առևանգել են մարդուն, մարդը կանգնած է, խի՞ եք տանում, ու՞ր եք տանում, ինչի՞ համար»,- հարցեր է հնչեցնում փաստաբանը: Գիվի Հովհաննիսյանը նաև ասաց, որ Արմեն Մարտիրոսյանին փորձել են սնունդ փոխանցել, սակայն, իրավապահաները թույլ չեն տվել, ինչն ապօրինի է:

Փաստաբանի խոսքով՝ առևանգում էր հիշեցնում նաև երեկ կեսգիշերից հետո բժշկական կենտրոնից Դավիթ Սանսարյանին բերման ենթարկելը, ով Սարի թաղի բախումներից հետո հիվանդանոց էր ուղեկցել վիրավոր հորը։ Սանասարյանի մայրը պատմում է՝ ընդամենը օրեր առաջ ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկված իր որդուն քաղաքացիական հագուստով անձինք հրավիրեցին բաժին, վերջինս ծանուցագիր պահանջեց, նրան սկսեցին քաշքշել, բռնություն գործադրել, ինչի հետևանքով Սանասարյանը կորցրեց գիտակցությունը։

«Ինքը ցնցում էր ստացել, դեռ պետք է բժշկի գնար, այդպես էլ ժամանակ չունեցավ, որ նորմալ ստուգվեր, գլուխը ցավում էր, երեկվա էդ լարված վիճակից․․․ ուշագնաց եղավ, գցեցին գետնին իրեն, չկարողացան նույնիսկ 4 հոգով պահել»,- «Ազատությանը» պատմեց Դավիթ Սանասարյանի մայրը:

Անդրիաս Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը երեկ ևս հիվանդանոցներում է փնտրել ամուսնուն և միայն այսօր է տեղեկացել, որ նա ձերբակալվածների մեջ է։ Թարխանյանն անհեթեթ է համարում ձերբակալվածներին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ կասկածելը։ «Ցանկացած մարդու, ում էլ դրա մեջ մեղադրեն, դա անհեթեթություն է, որովհետև զանգվածային անկարգությունները՝ դա գույք վառելն է, փչացնելն է, մարդկանց վնասելը, ես տեսնում եմ, որ դա ավելի շուտ վերաբերում է ոստիկանությանը»,- ասաց Անահիտ Թարխանյանը:

Թեև նա վստահ է, որ իր ամուսինն ու մյուսներն անկարգություններ չեն հրահրել կամ կազմակերպել, այնուամենայնիվ, մտավախություն ունի, որ վերջիններիս կարող են կալանավորվել՝ «Տեսնելով, թե ինչպիսի ուղղություն է վերցված ընդհանրապես քաղաքական դաշտում, իհարկե, ամենավատ զարգացումներն էլ հնարավոր են, և այդ պատճառով շատ մտահոգ ենք»:

Ոստիկանությունը երեկ ուշ երեկոյան և կեսգիշերից հետո Սարի թաղից և Խորենացի փողոցից բերման է ենթարկել 165 քաղաքացու, նրանցից 23-ը ձերբակալվել են զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։

XS
SM
MD
LG