Մատչելիության հղումներ

Ծնողներն ահազանգում են՝ հիվանդ երեխաներին «ծառայության համար պիտանի» են ճանաչում


Իրավապաշտպանը դա բացատրում է «պլանի կատարմամբ» և «կոռուպցիոն ռիսկերով»:

Զորակոչային տարիքի բազմաթիվ երիտասարդների ծնողներն ու ազգականները բողոքում են՝ չնայած առկա բժշկական փաստաթղթերին, որոնց համաձայն, իրենց որդիներն ունեն «լրջագույն հիվանդություններ» և զինվորական ծառայության համար պիտանի չեն, պաշտպանության նախարարությունը, անտեսելով այդ իրողությունը՝ նշված երիտասարդներին զորակչում է բանակ:

Նախորդ երկու օրերին Երևանի Շահումյանի զինկոմիսարիատում պաշտպանության նախարարության Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստեր տեղի ունեցան: Հայաստանի զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանի գլխավորությամբ, պաշտոնյաները որոշում էին՝ որքանո՞վ են հիմնավորված երիտասարդների ներկայացրած բժշկական փաստաթղթղերը: Բազմաթիվ էին մարդիկ, ովքեր վաղ առավոտից մինչև ուշ երեկո զիկոմիսարիատի առջև սպասում էին, թե ինչ որոշում է կայացվելու:

Պտղնի գյուղից Լիլիաննա Գևորգյան ասում է՝ «Իմ երեխեն մենիսկի խնդիր ունի, «Գրիգոր Լուսավորիչ»-ում պարոն Մխչյանը [բժիշկ] ասում ա, որ պիտի մենիսկը վիրահատվի: Էդ ո՞նց եղավ, որ էսօրվա դրությամբ, զինկոմիսարիատի պարոն Մուրադյանը ձեռքը մեկնում ա, թե՝ բարի ծառայություն»:

Շատերը բորբոքված էին: Գյումրիից Անաիդա Էռոյանի բնորոշմամբ՝ մարտ ամսից չարչարանքի մեջ է․ «Սուրբ Գգիգոր Լուսավորիչ», «Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոններում եկել են եզրակացության, որ իր որդին պիտանի չէ ծառայության՝ երիկամներում քարերի պատճառով: «Մենք բոլորս էլ գիտենք՝ 410 հոդվածում նշվում է՝ եթե երեխայի մոտ հայտնաբերվում է 5 և 5-ից ավելի քարեր ու «բ» կետով նշվում է հիվանդությունների տեսակները, էդ երեխան պիտանի չէ ծառայության: Իրանք էդ բոլորով չբավարարվելով, բնականաբար, ուղարկեցին, ինչան գիտեմ՝ «Կանազ»-ի հոսպիտալը: Էնտեղի բժիշկը, իր անտարբերությունն էր, անգրագիտությունն էր, առանց խղճի խայթի կարող եմ էդ բառն ասել, հայտնաբերել է այնպիսի քար, որը 0,4-ով պակաս լինի, որ երեխան գնա զինծառայության: Ես ստեղ կարող եմ խոսել միայն անարդարության մասին»,- «Ազատության» հետ զրույցում պատմեց Անաիդա Էռոյանը:

Արմավիրից Սարգիս Մանուկյանն էլ ասաց՝ հոգեբուժարաններից տեղեկանքներ է ներկայացրել, սակայն, իրեն ևս պիտանի են ճանաչել: «Սրանք կաշառակեր մարդիկ են, հիվանդ մարդուն սարքում են առողջ, տանում են բանակ, էն առողջին փողով սարքում են հիվանդ, պահում են տունը»,- ասաց Մանուկյանը: Արմավիրից է նաև Հովհաննես Աբգարյանը, ով պատմեց, որ հոդախախտ ունի՝ «Միշտ, նույնիսկ քնած ժամանակ էլ՝ դուրս ա ընկնում, ամենաքիչը մի 10 օր ամեն դուրս ընկնելուց, ցավում ա: Ինձ էլ ստեղ ասեցին՝ քեզ շատ տարանք բերինք, ոնց որ ասեց՝ զզվցրինք քեզ, բարի ծառայություն»:

Զինկոմիսարիատի շենքից բղավոցներ էին լսվում՝ ծնողներից ոմանք վիճում էին հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Զինկոմիսարիատի աշխատակիցները «Ազատությանն» արգելեցին նկարահանել, թե ինչ է կատարվում ներսում՝ հայտարարելով, որ տարածքը համարվում է զորամաս, ուստի՝ մուտք գործելու համար հատուկ թույլտվություն է պետք: Թույլտվություն մեզ այդպես էլ չտրվեց:

Հայաստանի զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը «Ազատությանն» ասաց, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովում քննել են այն ծնողների բողոքները, ովքեր պնդում են, որ իրենց որդիները պիտանի չեն զինծառայության համար, բայց զորակոչվում են: «Լրացուցիչ, միջնորդագրերերի համաձայն, նաև իմ որոշմամբ, ուղարկեցինք կենտրոնական զինվորական հոսպիտալներում մեկ անգամ ևս հետազոտման»,- ասաց Մուրադյանը: Հարցին՝ իսկ ինչու՞ ծառայության համար արդեն պիտանի ճանաչվածներին նորից ուղարկեցիք հետազոտման, նա պատասխանեց՝ «որովեհետև միջնորդագիր է եկել»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, բազմաթիվ են դեպքերը, երբ հիվանդ մարդկանց զորակչել են: «Ինչքան էլ ՊՆ-ն հերքի, կա պլան, որը պետք է կատարվի և որը չի կատարվում: Եվ ինչ-որ ձևով այդ պլանի չկատարելը փորձում են փոխհատուցել առողջական լուրջ խնդիրներ ունեցող զորակոչիկների հաշվին: Թվաքանակ են ապահովում: Կա նաև կոռուպցիոն ռիսկը, նույնիսկ ապրիլյան պատերազմից հետո, վստահաբար ասում եմ, որ պաշտոնատար անձանց երեխաները կամ ծառայում են իրենց տներին շատ մոտ, կամ ընդհանրապես չեն ծառայում»,- ասաց իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG