Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման հարցերում խորհրդատվություն տրամադրելու նպատակով հուլիսի 25-29-ը հերթական այցով Երևանում էր գտնվում ԱՄՆ խորհրդատվական թիմը:
Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում, ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն, «քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հիմնական եզրահանգումներն իրականացնելու և հաստատութենացնելու հարցերը, համաձայնեցվել են այս ուղղությամբ խորհրդատվական թիմի կողմից հետագա աջակցության կարիքները»:
Հուլիսի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում փորձագետները ներկայացրել են բանախոսություն՝ նվիրված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի էությանը և Հայաստանի զինված ուժերում դրա ներդրման հարցերին:
Այցի ընթացքում խորհրդատվական խումբը հանդիպում է ունեցել նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման հայեցակարգի փորձնական նախագծի շուրջ մասնագիտական օժանդակություն տրամադրելու նպատակով:
Առաջին կուրսի կուրսանտական գումարտակի սպայակազմի և համալսարանի դասախոսների ու մեթոդիստների հետ քննարկվել են 2016 թվականի սեպտեմբերից մեկնարկելիք փորձնական նախագծի ներդրման կազմակերպչական հարցերը, կուրսանտների ծառայության և ուսման ոլորտներում կատարվելիք անհրաժեշտ փոփոխությունները:
Ռազմավարական վերանայման եզրահանգումների իրագործմանն օժանդակող ԱՄՆ թիմի այցի արդյունքներն ամփոփվել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ: Փորձագետներին ընդունել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: