Ազգային Ժողովն արտահերթ նիստ չի հրավիրի: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությանը համաձայնել և համապատասխան ձևաթղթի վրա իրենց ստորագրությունն են դրել ընդամենը 19 պատգամավորներ՝ անհրաժեշտ 44-ի փոխարեն: Փաշինյանն առաջարկում էր ընդմիջել խորհրդարանի ամառային արձակուրդն ու արտահերթ կարգով քննարկել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ պայմանավորված ՊՊԾ գնդի տարածքի գրավման հետ:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու հարցն, այդուհանդերձ, պետք է մնա հանրային և քաղաքական կյանքի օրակարգում, որովհետև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը «քաղաքական հարց է», հետևաբար՝ պետք է լուծվի «քաղաքական քննարկումների և քաղաքական որոշումների տիրույթում»: Դեռ երեկ Փաշինյանը նշում էր՝ «Էն, ինչ հիմա այստեղ տեղի է ունենում, սա երկրի ոչ ժողովրդավարական բնույթն ավելի խորացնող գործողություն է: Եվ էստեղ օրենսդիր մարմինն ասի արձակուրդու՞մ եմ․․․ով որտեղ ուզում է լինի, թող թողեն հետ գան»:
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ձևաթղթի վրա, նախաձեռնության հեղինակից բացի, ստորագրել են նաև պատգամավորներ Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Հեղինե Բիշարյանը, Լևոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը և Իշխան Խաչատրյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երկրում չէ, այնուամնայնիվ, լիազորել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին՝ հանդես գալ իր անունից: ԲՀԿ խմբակցության 7 պատգամավորներ, ըստ Զոհրաբյանի, պատրաստ են եղել միանալ նախաձեռնությանը: «Երեք անց կեսից չորսի ինտերվալում Վահե Էնֆիաջյանը զրուցել է Ալեն Սիմոնյանի հետ, ասել է, որ մենք պատրաստ ենք միանալու այն պատգամավորներով, ովքեր այս պահին հանրապետությունում են, բայց մինչև ժամը 17:00-ը մեզ որևէ ձևաթուղթ չի փոխանցվել: Այդուհանդերձ, մենք էլի պատրաստակամ ենք միանալ, եթե կրկին կլինի նման նախաձեռնություն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության, ինչպես նաև առհասարակ վերջին օրերին Երևանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ իշխող ուժերի՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի դիրքորոշումները ողջ օրվա ընթացքում հնարավոր չեղավ պարզել: Հանրապետական և դաշնակցական պատգամավորները կամ երկրում չեն, կամ անջատել են հեռախոսները, կամ էլ՝ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են հարցազրույցից:
ԱԺ արտահերթ նիստի հրավիրման կողմնակից Զարուհի Փոստանջյանը նկատում է՝ «Հանրային իշխանությունը, ի դեմս ոստիկանության, այսօր բացակայում է: Հանրային իշխանությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, այսօր բացակայում է: Հանրային իշխանությունը, ի դեմս կառավարության՝ գործադիր իշխանության, այսօր բացակայում է: Հետևաբար, ավելի արդիական է դառնում՝ օր առաջ ստեղծել ժամանակավոր անցումային կառավարություն, որը պետք է սպասարկի արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Ցավն այն է, որ մենք արձանագրում ենք պետականության բացակայություն»:
Ձևաթղթում իր ստորագրությունը դրած մեկ այլ պատգամավոր՝ «Համախմբում» նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանի կարծիքով էլ՝ քաղաքական իրավիճակին պետք է քաղաքական գնահատական տրվի: «Մենք կարծում էինք, որ քաղաքական ուժերը պետք է խառնվեն: Ազգային ժողովի խառնվելը լավագույն ձևերից մեկն է դրա»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Ստեփան Մարգարյանը:
Խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու կոչով այսօր Ազգային Ժողովին են դիմել նաև մոտ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ: Համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է՝ «Լարվածությունը գնալով շիկանում է, մինչդեռ երկրի նախագահն արդեն տասնմեկերորդ օրն է, որևէ ուղերձով չի դիմել ժողովրդին, իսկ Ազգային Ժողովը և նրա ազգընտիր պատգամավորները վայելում են իրենց ամառային հանգիստը»: