Մատչելիության հղումներ

Հայրիկյան․ Խաղաղ հանգուցալուծում հնարավոր է Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում


Հայաստանը ճգնաժամի մեջ է, և այս իրավիճակի խաղաղ հանգուցալուծում հնարավոր է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Իշխանությունները փակուղային վիճակի առաջ են կանգնած, խաղաղ ելք հնարավոր է միայն մեկ դեպքում՝ իշխանությունների հրաժարականի դեպքում: Բարեբախտաբար, իշխանությունները նաև հասկանում են, որ իրենց համար վնասակար մարդ սպանելը, և բարեբախտաբար՝ ամենավճռական փուլում մեզ հաջողվեց վախը մարդկանց սրտերից հանել և փողոց դուրս բերել», - նշեց նա:

Ըստ Հայրիկյանի, այն որ շարունակվող լրջագույն ճգնաժամի պայմաններում նախագահ Սարգսյանը ընդամենը մեկ անգամ է խոսել, վկայում է այն մասին, որ նա պարզապես ասելիք չունի:

Խորհրդային տարիներին անազատության մեջ մոտ 18 տարի անցկացրած ԱԻՄ առաջնորդի բնորոշմամբ՝ Հայաստանում ժողովուրդը ստիպված ապստամբեց և դիմեց ազգային-ազատագրական պայքարի, որովհետև այլ ելք պարզապես չկար:

«Որ ինքը Պուտինի գործակալն է՝ Պուտինն էլ ասում է՝ պիտի մնաս դիրքերումդ, մինչև տեսնենք ինչ կորոշենք, մինչև տեսնենք էլ ինչքան կարող ենք Հայաստանը թուլացնել, դա իր խնդիրն է», - հավելեց նա:

Հայրիկյանը հորդորեց լուրջ չվերաբերվել Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրություններին․ - «Երբ Ռոբերտ Քոչարյանին ասացին՝ պարո՛ն Քոչարյան, Վրաստանում Շևարդնաձեն իշխանությունը հանձնեց Սաակաշվիլուն, կարո՞ղ է ձեզ մոտ էլ նույն իրավիճակը լինել, Ռոբերտ Քոչարյանը, որպես քյառթու կոմունիստ՝ դա իրենց բառերն եմ օգտագործում, ասաց՝ մենք ուժեղ ենք: Վա՛յ էն իշխանավորին, որն իրեն ուժեղ է համարում ժողովրդից»:

Արձագանքելով իր հասցեին հնչող քննադատությանը, թե երկու օր առաջ Խորենացի փողոցում կոչ է արել ժողովրդին գնալ տուն, Պարույր Հայրիկյանն ասաց, որ դա եղել է համակարգող խորհրդի որոշումը և պարզապես ինքն է այն հնչեցրել․ - «Դուք կարո՞ղ եք նշել այս օրերի մեջ մի դեպք, երբ վերջում չեն ասել՝ բարի գիշեր: Օրինակ՝ երեկ ի՞նչ էին ասում և ինչո՞վ ավարտեցին: Երեկ ասում էին՝ պիտի նստենք, նստացույց անենք․․․ և երեկ Ալեք Ենիգոմշյանն ասաց՝ մենք շատ խոհեմ որոշում ընդունեցինք: Բայց տարբեր մակարդակի սրիկաներ, ինչպես ասում էին՝ Հայրիկյանն իր վրա կրակեց, հիմա էլ ասում են՝ Հայրիկյանը ձեզ տուն ուղարկեց: Բա Հայրիկյանը ձեզ բարդակ պիտի ուղարկե՞ր: Հայրիկյանը ձեզ պիտի տուն ուղարկեր, որ վաղը ձեր ծնողներին լսելով՝ կազմակերպված նորից հետ գայիք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG