Քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբը, «ԷկոԼուր»-ը, «Թրանփարենսի ինթերնեշնլ»-ը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ հայտարարություն են տարածել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին։
Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Վերջին օրերին հանրապետությունում, հատկապես Երևան քաղաքում, ստեղծվել է ծայրահեղ լարված և անկանխատեսելի հետևանքներով հղի պայթյունավտանգ իրավիճակ՝ պայմանավորված հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա իրականացված զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձություններով»։
Կազմակերպությունները նշել են, որ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ սատարելու «Սասնա ծռեր» խմբին և նրանց պահանջները, «քանի որ երկրում տիրող համակարգային կոռուպցիան, սոցիալական անարդարութունը, ընտրանքային արդարադատությունը, անկասելի արտագաղթը և շարունակ կեղծվող ընտրությունները պատրանք են դարձրել դրական փոփոխություններ ակնկալելու բոլոր հույսերը»:
Հայտարարությունում ասված է, որ «ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և բռնություն, ինչի արդյունքում քաղաքացիների խաղաղ ինքնաբուխ հավաքները դաժանորեն ցրվել են, հարյուրավոր մարդին բերման են ենթարկվել և շինծու մեղադրանքներ են առաջադրվել առավել ակտիվ քաղաքացիներին»:
«Լարվածությունը գնալով շիկանում է, մինչդեռ երկրի նախագահն արդեն տասնմեկերորդ օրն է` որևէ ուղերձով չի դիմել ժողովրդին, իսկ Ազգային ժողովը և նրա ազգընտիր պատգամավորները վայելում են իրենց ամառային հանգիստը», - ասված է հայտարարությունում։
Հայտարարության հեղինակները դատապարտում են «Ազգային ժողովի աններելի և անթույլատրելի անգործությունը և կոչ են անում խորհրդարանին՝ օգտվել արտահերթ նիստ հրավիրելու սահմանադրական իրավունքից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումների խաղաղ ուղիներ գտնելու նպատակով»:
«Եկել է իրական պահը ցույց տալու, որ Ազգային ժողովը իրապես ներկայացուցչական մարմին է, և հիմնավորելու, որ կառավարման խորհրդարանական համակարգը ամենաարդյունավետն է ճգնաժամերի հաղթահարման համար», - ասված է հայտարարությունում։
Կազմակերպությունները նշում են, որ հայտարարությունը բաց է միանալու համար: