Խորենացի փողոցից շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին: Քիչ առաջ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել դերասանուհի, ռեժիսոր Արսինե Խանջյանին, բերման ենթարկվեցին «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը:
Առավոտից բերման ենթարկվածների թիվն արդեն անցնում է 100-ից:
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը պատգամավոր Նիկոլ Փաշինյանին փոխանցեց, որ ոստիկանական գործողություններն ուղղված են «արյունահեղության կանխմանը»: Ոստիկանության պաշտոնյաներից մեկն էլ փոխանցեց, որ քաղաքացիներին ոստիկանական պատնեշից այն կողմ տանելուց հետո պարզում են նրանց ինքնությունը և «եթե նրանք կապ չունեն որևէ հավաքի հետ, անմիջապես ազատ են արձակվում»:
Խորենացի փողոցի հանրահավաքները համակարգող խումբը այսօր ժամը 7-ին այստեղ կրկին հանրահավաք էր հրավիրել: