Մատչելիության հղումներ

Ենիգոմշյանի պնդմամբ, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները պատանդ չեն վերցրել բժիշկներին


«Հիմնադիր խորհրդարան»-ը հերքում է ոստիկանության պնդումները, թե ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամները պատանդ են վերցրել շտապօգնության բուժաշխատողների:

«ՊՊԾ գնդի տարածքում պատանդներ չկան», - այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը՝ շարունակելով․ - «Տղաները ոչ մեկին պատանդ չեն պահում: Տղաները ուզում են ընդամենը, որ այնտեղ բժշկական ներկայությունը լինի տևական և հերթափոխով

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչը հայտարարեց, որ արդեն 3 օր է զինյալները զրկված էին բուժօգնությունից, մինչդեռ գնդի ներսում վիրավորներ կան և նրանց օգնություն է պետք։

Մինչդեռ, «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ բժիշկները ՊՊԾ գնդի տարածք էին գնացել վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու համար, հետո պարզ է դարձել, որ նրանց արգելում են դուրս գալ։ Զինյալներից մեկը, ըստ Ստեփանյանի, բժիշկներից մեկի հեռախոսով իրենց պահանջներ է փոխանցել։

«Ներկայացրեց, որ առողջապահության նախարարը անձամբ վիրաբույժների հետ պետք է ներկայանա իրենց մոտ, որից հետո նոր իրենք ազատ կարձակեն շտապօգնության աշխատակիցներին», - նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենը:

Այսօրվա ասուլիսին Ալեք Ենիգոմշյանը նաև բանակցություններից մանրամասներ պատմեց, ասաց, որ Սիսական գնդի հրամանատար Աշոտ Սարգսյանը հրաժարվել է միջնորդի դերում փոխարինել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանին։

«Այս ամեն ինչից հետո «Սասնա ծռերը» տրամադիր չեն բանակցությունների: Արդեն նախկին բանակցությունները, ես բազում անգամներ ասել եմ, դա ընդամենը իմիտացիա է», - ասաց նա:

Ենիգոմշյանի փոխանցմամբ՝ զինված խումբը նաև պահանջում է, որ պատգամավորները խիստ պահանջ ներկայացնեն ուժային կառույցներին, թույլտվություն ստանան և հանդիպեն «Սասնա ծռեր»-ի անդամների հետ։

«Պատգամավորների ներկայության պահանջը չի հետապնդում այդպիսի նպատակ [բանակցելու], ուղղակիորեն այդպիսի բան չեն ասել, բայց ես վստահ եմ, որ նման նպատակ չի հետապնդում», - հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG