Մատչելիության հղումներ

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենը հաստատում է, որ բժիշկներին թույլ չեն տալիս հեռանալ ՊՊԾ գնդի տարածքից


Մինչ ոստիկանությունը և «Հիմնադիր խորհրդարանը» իրարամերժ տեղեկություններ են հաղորդում ՊՊԾ գնդի տարածքում հայտնված բժիշկների կարգավիճակի մասին, «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենը հաստատում է, որ բժիշկներին թույլ չեն տալիս հեռանալ զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքից:

«Մեր բրիգադի հետ չեմ խոսել, զինյալ խմբի մեկ մարդու հետ եմ խոսել: Ներկայացրեց, որ առողջապահության նախարարը անձամբ վիրաբույժների հետ պետք է ներկայանա իրենց մոտ, որից հետո նոր իրենք ազատ կարձակեն շտապօգնության աշխատակիցներին», - «Ազատության» հետ զրույցում նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: - «Ես, նախևառաջ, ուզում էի իրեն համոզել, որ գոնե կնոջը բաց թողնի, որովհետև բուժքույրը այդտեղ անելիք չունի, բժիշկներն էլ առանձնապես անելիք չունեն, որովհետև նախապես չեն իմացել, որ պետք է մնան և իրենք մտել են ներս առանց դեղորայքի արկղի: Կանչը ստացել ենք այնպես, որ՝ քանի որ կա վիրավոր, հիվանդին պետք է տեղափոխենք: Մեր բժիշկը, բուժակի և բուժքրոջ հետ՝ երկու բրիգադ է եղել, պատգարակով մտել են տարածք, որ այդ հիվանդներին նայեն և հանեն դուրս, որովհետև այնտեղ խնդիր կա՝ վիրաբուժական միջամտություն պիտի լինի»:

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «Սասնա ծռեր»-ը պատանդ չի վերցրել բժիշկներին։ - «Նման բան չկա։ Տղաները պահանջում են, որ ինչպես առաջին օրերին է այդ դրությունը՝ բժշկական ծառայության առումով, լինի բժշկական բրիգադի հերթափոխ։ Ուժով այնտեղ բժիշկ պահելու խնդիր չկա, իրենք պահանջում են, որ փոխարինող բրիգադը գա և այնտեղ գտնվող բրիգադը դուրս գա, իրար հերթափոխեն», - հայտարարեց Ենիգոմշյանը։

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների, իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդառված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար:

«Ազատություն»-ը դիտարկմանը, թե Ենիգոմշյանը պնդում է, որ երեք օր է՝ ոչ մի բժիշկ ներս չի մտել, Թագուհի Ստեփանյանը պատասխանեց․ - «Այ դրա համար էր մեր պահանջը, որ ասացինք, որ կկազմակերպենք մեր օգնությունը չեզոք գոտում, որ նման սիտուացիա չստեղծվի, ոնց որ հիմա, որ բժիշկը մտել է ու չի կարող դուրս գալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG