Մատչելիության հղումներ

ՌԴ քաղաքացուն Ադրբեջանում անազատության մեջ են պահում իր «հայկական ծագման համար»


Մարատ Ուելդանով-Գալուստյանը քրոջ՝ Մարիանա Միրզոյանի հետ, լուսանկարը՝ «Ֆեսյբուք» սոցիալական ցանցից
Մարատ Ուելդանով-Գալուստյանը քրոջ՝ Մարիանա Միրզոյանի հետ, լուսանկարը՝ «Ֆեսյբուք» սոցիալական ցանցից

Մարատ Ուելդանով-Գալուստյանի ձերբակալությունից անգամ մեկ ու կես ամիս անց ՌԴ դեսպանության աշխատակիցները դեռ չեն այցելել Բաքվի մեկուսարանում գտնվող իրենց քաղաքացուն:

Ռուսաստանի քաղաքացի, հայկական ծագումով Մարատ Ուելդանովը հունիսի 9-ից գտնվում է Ադրբեջանի ազգային անվտանգության մեկուսարանում: Նա կասկածվում է ծանր հանցագործության մեջ, որը համապատասխանում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի երկու կետերի հատկանիշներին՝ մեծ քանակությամբ թմրանյութ ձեռք բերելը և տարածելը:

Ուելդանովի հայրական ազգանունը Գալուստյան է, նա ծնվել է Բաքվում, ապրում է Ռուսաստանում, ՌԴ քաղաքացի է: Հարազատների պնդմամբ, երբեք չի եղել Հայաստանում։ Ուելդանով-Գալուստյանի գործի շուրջ վերջին օրերին ակտիվ քննարկումներ են ծավալվել սոցիալական ցանցերում: Այդ քննարկումների շրջանակներում օգտատերերից մեկն անգամ հրապարակել էր Բաքվում ՌԴ դեսպանության՝ Մարատ Ուելդանովի հարազատներին ուղղված պատասխանը, ինչը հատկապես մեծ աղմուկ էր հարուցել: Դրանում, մասնավորապես, նշված էր, որ գործի հանգամանքների պարզումը բարդացել է նրա «հայկական ծագման» պատճառով:

«Ազատությունը» պարզաբանումների համար երեկ դիմել է Ռուսաստանի արտգործնախարարություն, պատասխան դեռ չկա։ Մարատի քույրը՝ Ռուսաստանի քաղաքացի, Կրասնոդար քաղաքի բնակիչ Մարիանա Միրզոյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ մեղադրանքը որևէ կապ չունի իր եղբոր հետ, և իրականում նրան ձերբակալել են հենց «հայկական ծագման համար»:

«Աշխատանքի բերումով եղբայրս հաճախ էր մեկնում Բաքու, անցած տարի նա մասնակցել է համաեվրոպական խաղերի կազմակերպման գործերին և բազմիցս է հատել Արդրբեջանի սահմանը, սակայն որևէ խնդիր մինչ այս հունիս չէր ունեցել: Մարատը ծնվել է Բաքվում, նա թաքցնում էր իր հայկական ծագումը և նույնիսկ նրա ադրբեջանցի գործընկերները նրա իրական ծագման մասին չգիտեին: Ռուսաստանցի կոլեգաներն, իհարկե, գիտեին, բայց ադրբեջանցիները՝ ոչ: Մարատը պետք է մասնակցեր Բաքվում «Ֆորմուլա-1»-ի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներին»,- պատմում է Մարատի քույրը:

Մարիանան ասում է, որ Մարատի ադրբեջանցի բոլոր գործընկերները երես են թեքել նրանից, երբ իմացել են վերջինիս ծագման մասին, ու այժմ չեն էլ փորձում նրան օգնել: «Մեր ընտանիքից և ոչ մեկը հայկական ազգանվան պատճառով չի կարող գնալ Բաքու, նա այնտեղ բոլորովին մենակ է: Ես դիմել եմ և՛ Ռուսաստանի արտգործնախարարություն, և՛ նույնիսկ նամակ եմ գրել Ռուսաստանի նախագահին, սակայն, անարդյունք»,- ասում է Մարիանան:

Այսօր հայտարարություն է տարածել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը, որում, մասնավորապես, ասված է, թե Ադրբեջանի արտգործնախարարությունը հունիսի 23-ին նոտա է հղել ՌԴ դեսպանությանը, որում հայտնել է, որ Ադրեբջանի հատուկ ծառայությունները հունսիսի 9-ին ձերբակալել են Մարատ Ուելդանովին՝ թմրանյութերի ձեռք բերման և տարածման կասկածանքով: ՌԴ դեսպանությունն, իր հերթին, տարածած հայտարարությունում նշում է, որ իրենց է դիմել Ռուսաստանի քաղաքացի Մարիանա Միրզոյանը: Վերջինս իր դիմումում նշել է, որ իրականում Ուելդանովին Ադրեբջանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է ոչ թե թմրանյութերի տարածման, այլ իր հայակական ծագմամբ պայմանավորված՝ լրտեսությամբ զբաղվելու կասկածանքով:

Բաքվում ՌԴ դեսպանությունը նաև տեղեկացնում է, թե Միրզոյանի դիմումը ստանալուն պես անմիջապես կապվել են Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ՝ բացատրություն ստանալու համար, նաև նոտա են հղել Ադրբեջանի արտգործնախարությանը: Դեսպանության հաղորդմամբ, իրենք Ադրեբջանի իշխանություններին են դիմել նաև Ուելդանովին այցելելու թույլտվություն ստանալու համար:

Այսպիսով՝ հունիսի 9-ին Ադրեբջանում ծանր հանցագործության կասկածանքով ձերբակալում են Ռուսաստանի քաղաքացուն, հունսիսի 23-ին Բաքվում ՌԴ դեսպանությունը ստանում է Ադրբեջանի ԱԳՆ-ի նոտան և մինչ օրս, այսիքն՝ ՌԴ քաղաքացու ձերբակալությունից անգամ մեկ ու կես ամիս անց, դեսպանության աշխատակիցները դեռ չեն այցելել Ադրբեջանի անվտանգության ծառայության մեկուսարանում գտնվող իրենց քաղաքացուն: Իսկ ավելի վաղ էլ նրա քրոջը՝ Մարիանա Միրոզոյանին պաշտոնապես ծանուցել էին, որ նրա եղբոր գործը բավականին բարդ է «իր հայկական ծագման պատճառով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG