Մատչելիության հղումներ

Մանգոյան. Պավել Մանուկյանի որդու առողջական վիճակում դրական փոփոխություն կա


Պավել Մանուկյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 23-ը հուլիսի, 2016թ.
Պավել Մանուկյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 23-ը հուլիսի, 2016թ.

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիշերը ՊՊԾ գնդի գրավված տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորում ստացած Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա։

«Երկու տուժածի առողջական վիճակն էլ ներկա պահին գնահատում ենք ծանր։ Տղայի՝ Արամ Մանուկյանի մոտ ունենք դրական փոփոխություններ՝ ներկայումս նա շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական սարքի, մոտ մեկ ժամ առաջ նա անջատվեց արհեստական սարքից, գիտակցությունը պարզ է: Միևնույն է, նրա վիճակը ծանր է գնահատվում, բայց այս դրական փոփոխություններն արդեն առկա են, կատարվել են վիրակապություններ, ցավազրկումներ և այլն», - ասաց Մանգոյանը։

Անդրադառնալով Պավել Մանուկյանի առողջական վիճակին, բժիշկն ասաց, որ նա դեռ շարունակում է շնչել արհեստական շնչառության սարքի օգնությամբ։ «Գիտակցությունը քայլ-քայլ, բայց բացվում է, առավոտյան կար կոնտակտ իր հետ, բայց մենք, ելնելով վնասվածքների ծավալից՝ փափուկ հյուսվածքների վնասվածքի ծավալից, ընդհանուր տրավմայից, մի փոքր ավելի երկարատև կշարունակենք և՛ արհեստական շնչառությունը, և՛ որոշ քնաբեր դեղորայքները, ցավազրկող դեղորայքները, իր դեպքում մենք մի փոքր ավելի կերկարացնենք այդ ժամանակահատվածը», - ասաց Մանգոյանը։

Լրագրողների ճշտող հարցին, թե նրանց կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, բժիշկը պատասխանեց. - «Վերակենդանացման բաժանմունքում բոլոր գտնվողների մոտ կյանքի վտանգն առկա է, դրա համար են իրենք մեր բաժնում, և այս երկու տուժածի մոտ նույնպես կյանքի վտանգ իհարկե կա»։

Հրաձգության արդյունքում վիրավորում ստացած ոստիկանի վիճակը բժիշկը կայուն գնահատեց։ Նա, ըստ Մանգոյանի, գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավված տարածքում մեկ օր առաջ վիրավորում ստացած 50-ամյա Աշոտ Պետրոսյանի ու 29-ամյա Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակին, Մանգոյանն ասաց, որ բավարար է, այդ իսկ պատճառով նրանք տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց»։

Հիշեցնենք՝ դեպքից հետո Աշոտ Պետրոսյանին ու Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել շենքեր, շինություններ զավթելու կամ դրանք պահելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու՝ կազմակերպված խմբի կողմից, հատկանիշներով:

Ըստ առաջադրված մեղադրանքի, նրանց սպառնում է 3-12 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG