Ի պաշտպանություն ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաների Վանաձորի կենտրոնական հրապարակում արդեն երկրորդ օրն անընդմեջ հավաքվող մի խումբ վանաձորցիներ այսօր իրազեկման երթ անցկացրին՝ կոչ անելով համաքաղաքացիներին միանալ իրենց:
Շարժվելով Վանաձորի կենտրոնական փողոցներով՝ ցուցարարները պարզել էին «Սերժի՛կ, հեռացի՛ր», «Լոռին սատարում է Սասնա ծռերին», «Սասնա ծռերը տեռորիստներ չեն», «Ազատությո՛ւն Ժիրայր Սեֆիլյանին», «Ազատությո՛ւն Գևորգ Սաֆարյանին», «Ո՛չ ստին ու կեղծիքին» վերտառությամբ ցուցանակներ:
«Հիմնադիր խորհրդարանի» աջակիցներից Ժաննա Ժամհարյանը հայտարարեց, որ ամեն օր երեկոյան ժամը յոթին հստակ օրակարգով հավաքվելու են Վանաձորի կենտրոնական հրապարակում, քննարկելու են օրվա իրադարձությունները և ըստ այդմ որոշելու են հետագա գործողությունները:
«Հիմնադիր խորհրդարանի» Լոռու մարզային գրասենյակը ղեկավարող Ռազմիկ Էվոյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ Երևանում իրավիճակի սրման դեպքում իրենք պատրաստվում են անհնազանդության ակցիաներ սկսել: