Դանակով զինված երկու անձինք Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Սենտ-Էտյեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում պատանդներ են վերցրել: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պատանդներից մեկը մահացել է:
Ֆրանսիական լրատվամիջոցների վկայությամբ, երկու տղամարդիկ եկեղեցի են մտել ծառայողական մուտքով և պատանդառել 4-6 հոգու՝ այդ թվում հոգևորականների:
Ոստիկանությունը հաղորդել է, որ «չեզոքացրել» է հարձակվողներին, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ՝ հատուկ գործողության ժամանակ սպանելով նրանց:
Դեպքի վայր մեկնած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել:
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ եկեղեցում տեղի ունեցած հարձակումը նախապես պլանավորված էր: «Դրդապատճառների մասին դեռ վաղ է խոսել: Կարող եմ ասել՝ ակնհայտ է, որ նրանք ագրեսիվ էին, ձեռնարկել են քայլեր, որոնք, անշուշտ, նախապես պլանավորված են եղել»,- հայտարարել գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ-Անրի Բրանդեն: