Երկու փաստաբան արձագանքել են «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված` զինված խմբի վիրավոր անդամ Աշոտ Պետրոսյանի դստեր խնդրանքին։
Տաթև Պետրոսյանը, հիշեցնենք, խնդրել էր օգնել իրեն փաստաբան գտնել։
Այս պահին փաստաբաններ Արայիկ Պապիկյանն ու Հայարփի Սարգսյանն արդեն հիվանդանոցում են, նրանք փորձում են տեսակցել վիրավորներին, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։
Փաստաբանները զանգահարեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբ և տեղեկացրին, որ ոստիկանները խախտում են վիրավորների իրավունքները՝ թույլ չտալով փաստաբաններին ու հարազատներին տեսակցել նրանց։
Աշոտ Պետրոսյանի դուստրը, վկայակոչելով բժիշկներին, փոխանցեց, որ ապահովության համար վիրավորներն այսօր կմնան հիվանդանոցում, իսկ վաղը կտեղափոխվեն։ Թե ուր՝ բժիշկները, ըստ Պետրոսյանի դստեր, չեն հստակեցրել։