Թուրքիայի բանակն ու պետական կառույցները զտելուց հետո այսօր էլ էրդողանի վարչակազմը անցավ լրատվամիջոցներին՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին աջակցելու մեղադրանքով ձերբակալելով ընդդիմադիր ավելի քան չորս տասնյակ լրագրողների ու երեք տասնյակ գիտնականների:
Հաջորդ թիրախը դիվանագետներն են․ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան կասկածներ ունի նաև մի շարք երկրներում իրենց դեսպանների վերաբերյալ և պատրաստվում է պաշտոնանկ անել նրանց:
Երկրով մեկ արդեն 10 օր շարունակվող ձերբակալությունների ու խուզարկությունների արդյունքում ընդհանուր առմամբ ճաղերի ետևում է հայտնվել ավելի քան 13 հազար մարդ, շուրջ 60 հազարը՝ ազատվել է աշխատանքից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի թաքցնում՝ մտադիր է մինչև վերջ մաքրել պետական համակարգը «հեղափոխություն սերմանող վիրուսից» ու իր ընդդիմախոս Ֆեթուլլահ Գյուլենի համակիրներից:
«Ցանկացած ոք, ով աջակցել է հանցախմբին, իր արարքների համար պատասխան է տալու պետության, անվտանգության ուժերի ու դատարանի առաջ: Զինված հեղափոխության այդ փորձը կանխելով՝ Թուրքիան մտավ նոր դարաշրջան», - ասել է Էրդողանը:
Երկրով մեկ հարյուրավոր մասնավոր դպրոցներ են փակվել, որոնք ֆինանսավորվում էին Գյուլենի կողմից, աշխատանքից ազատվել է ավելի քան 20 հազար ուսուցիչ: Ընդ որում, իրավապաշտպանները պնդում են, որ իշխանությունների թիրախում են ոչ միայն գյուլենականները, այլև քրդալեզու դպրոցները: Դիարբեքիրի՝ երեկ փակված դպրոցը տնօրենը պնդում է, որ հեղաշրջման առիթն օգտագործելով՝ Էրդողանը լռեցնում է անցանկալի ձայներն ու ոտնահարում է բոլորի իրավունքները:
«Մենք քրդերեն էինք դասավանդում, ոչ մի կապ չունեինք այս կամ այն համայնքի կամ քաղաքական կուսակցության հետ: Եկան զինված ոստիկաններով փակեցին դպրոցը... Ուծացումը հանցագործություն է մարդկության դեմ: Սա մի պետություն է, որը ահաբեկում է մարդկանց տարիներ շարունակ», - ասում է դպրոցի տնօրեն Սաբահաթթին Քորքմազ:
Միջազգային իրավապաշտպան կառույցները փաստում են՝ Թուրքիան իսկապես մտնում է մի նոր՝ բռնությունների ու քաղաքական հալածանքների ժամանակաշրջան: Հեղինակավոր Amnesty International-ը երեկ հայտարարեց, թե վստահելի ապացույցներ ունի, որ Թուրքիայի ոստիկանությունը կտտանքների ու բռնությունների է ենթարկում հազարավոր մարդկանց: Հատկապես բիրտ վերաբերմունքի են արժանանում բարձրաստիճան զինվորականները, հաղորդվում է բռնաբարությունների, ազատազրվածներին օրեր շարունակ առանց սննդի, ջրի ու բժշկական օգնության պահելու մասին: Ըստ ականատեսների, ավելի քան տասը հազար մարդ պահվում է ախոռներում, մարզադաշտերում՝ զրկված տարրական պայմաններից: Թուրք փաստաբաններից մեկն անգամ պատմել է, թե ինչպես է ձերբակալվածներից մեկը իր աչքի առաջ ինքնասպանության դիմել՝ նետվելով վեցերորդ հարկի պատուհանից:
Բրյուսելից արդեն հնչում են հստակ զգուշացումներ: - «Այսպիսի երկիրը չի կարող դառնալ Եվրամիության անդամ», - երեկ ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, - «Կարծում եմ՝ այս վիճակով Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը ո՛չ հիմա, ո՛չ էլ տեսանելի ապագայում: Ավելին, եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, Բրյուսելն անմիջապես կդադարեցնի անդամակցության շուրջ բանակցությունները»:
Պաշտոնական Անկարայի արձագանքը առայժմ կոշտ է: - «Եվրամիությունը չի կարող սպառնալ մեզ», - այսօր հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով․ - «Յունկերը իրավունք չունի վերևից նայել մեզ, նա չէ Թուրքիայի ղեկավարը»:
Ոչ պակաս խիստ էր արտգործնախարարի արձագանքը Միացյալ Նահանգներին. - «Չեմ ուզում խոսել բացասական սցենարի մասին, սակայն հստակ է՝ եթե Ամերիկան չհանձնի Գյուլենին, դա միանշանակ կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին»:
Ինքը՝ էրդողանի երբեմնի համախոհ, այժմ նրա ընդդիմախոս, Միացյալ Նահանգներում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը կտրականապես հերքում է Թուրքիայի իշխանությունների մեղադրանքները: Վաշինգտոնը հայտարարում է, թե արտահանձման համար Անկարան պետք է նախ հստակ ապացույցներ ներկայացնի: Մյուս կողմից, ըստ փաստաբանների, հնարավոր հանձնումը կարող է տարիներ ձգձգվել: