«Հիմնադիր խորհրդարան»-ի և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը քիչ առաջ Խորենացի փողոցում ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մոտ տասը ժամ է չեն կարողանում կապ հաստատել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ, կապի բոլոր միջոցներն անջատված են։
«Խմբի անդամները զրկված են հոսանքից, սննդից, նրանց բժշկական օգնություն չի ցուցաբերվում, թեև խմբի անդամների մեջ կա մեկ վիրավոր։ Իշխանությունների կողմից դրանք սրացման քայլեր են։ Բայց դրանով չի բավարարվում վարչախումբը՝ մի կողմից հայտարարում է, որ բանակցությունները ցանկանում է շարունակել դրական մթնոլորտում, տղաներն ապացուցել են այս ութ օրերի ընթացքում, որ իրենք կողմ են սրացման չգնալու, սակայն իրենք դիմում են քայլերի, երբ իշխանությունների կողմից լինում են սրացման և սադրիչ քայլեր, իրենք պատասխան քայլերի են գնում»։
Ենիգոմշյանը նաև հայտարարեց, որ գիշերվանից իրավիճակը սրվել է։ «Փորձ է արվել տարածքի պատը քանդել՝ դա մեկից ավելի աղբյուրներից հաստատված փաստ է, ներառյալ՝ շրջանի բնակիչները։ Այսօր առավոտյան մթնոլորտի սրացման նոր քայլ է արվել՝ ռազմական ուղղաթիռը շատ ցածր բարձրության վրա թռչել է տարածքի վրա և մոտավորապես տասը րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սև գործին», - ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը, նշելով՝ նման քայլերը ցույց են տալիս, որ իշխանությունները հակված չեն հանգիստ մթնոլորտի մեջ շարունակել բանակցությունները տղաների հետ։
«Վտանգավոր սրացման ենք գնում։ Ամեն վայրկյան կարող են լուրջ զարգացումներ տեղի ունենալ։ Մենք հուսով ենք, որ ողջամտությունը կտիրապետի վարչախմբի մոտ, և նրանք չեն գնա, ոչ միայն չեն գնա արյունահեղության ուղղությամբ քայլերի, այլև քայլերի, որոնք շատ ճակատագրական կարող են լինել Հայաստանի համար », - եզրափակեց Ալեք Ենիգոմշյանը՝ ընդգծելով, որ, իրավիճակից ելնելով, համակարգող խումբը հանդես կգա հայտարարությամբ և առաջիկա ժամերին իրենց քայլերը կլինեն ըստ իշխանությունների պահվածքի։
Համակարգող խորհրդի նախաձեռնող խումբը նաև հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. - «Սասնա ծռեր»-ի առաջ քաշած պահանջները բացառապես քաղաքական են և բխում են Հայաստանի հերթական օտարածին, ապօրինի վարչախմբի կողմից բռնի ուժով իշխանությունը զավթած լինելու, Հայաստանի քաղաքացիների իրավունքների մշտապես ոտնահարման, Հայաստանը օտար պետության շահերին ծառայեցնելու իրողությունից: Դրսևորելով բացառիկ քաղաքական, հումանիստական վարք, որպես բարի կամքի դրսևորում, իշխանությունների հետ տարվող բանակցությունների շրջանակում «Սասնա ծռերն» ազատ արձակեցին իրենց մոտ գտնվող ոստիկանության բոլոր աշխատակիցներին: Սակայն, խախտելով բոլոր կարգի պայմանավորվածությունները, վարչախումբը դիմեց հերթական, տմարդի, ստոր քայլերին. արդեն երրորդ օրն է, ինչ անջատել են ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը, չեն տրամադրում սնունդ, դեղորայք: Չեն տրամադրում բուժօգնություն վիրավոր ապստամբին, խախտելով միջազգային ու մարդկային բոլոր նորմերը, փորձելով ապստամբներին մատնելու սովամահության»:
Հայտարարությունում նաև ասվում է. - «Թափված յուրաքանչյուր կաթիլ արյան, խեղված յուրաքանչյուր ճակատագրի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանն անձամբ: Անկախ այն բանից, թե դա ոստիկանության ծառայողներինն է, թե «Սասնա ծռեր»-ի տղաներինը»:
Նախաձեռնող խումբը առաջարկում է Սերժ Սարգսյանին, որպեսզի այսօր` մինչև երեկոյան ժամը 20:00-ն, լուծվեն ապստամբ «Սասնա ծռեր»-ի սննդի, ջրի, դեղորայքի ու բուժօգնության հարցերը:
«Հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին կոչ ենք անում՝ երեկոյան ժամը 20:00-ին հավաքվել Խորենացի փողոցում՝ քննարկելու համար մեր հետագա քայլերը: Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպություններին, Կարմիր խաչին, որպեսզի ակտիվ միջամտություն ցուցաբերեն՝ օգնելու, խնդիրը բանակցային ճանապարհով, խաղաղ լուծելու համար: Մենք համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում, միայն յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունից, միասնականությունից ու վճռականությունից է կախված խաղաղ, անարյուն հանգուցալուծումը», - մասնավորապես ասված է հայտարարությունում։