Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել: Պատասխանատու մարմինների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է նախագահի կարգադրությամբ հաստատված ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի կատարման վիճակը:
Ռազմավարական ծրագրի նպատակն է Հայաստանում ձևավորել ժամանակակից ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգ և դատական իշխանություն, նշված է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ռազմավարական ծրագիրը երկրի իրավական և դատական համակարգի զարգացման համար էական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, և դրա պատշաճ իրականացումը խիստ կարևոր է բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար:
Քննարկման արդյունքներով արձանագրվել է, որ ծրագրի կատարման շուրջ չորս տարիների ընթացքում եղել են ինչպես դրական ձեռքբերումներ, այնպես էլ լուրջ թերացումներ և բացթողումներ: Խորհրդակցության ավարտին նախագահը պատասխանատու մարմինների ղեկավարներին հանձնարարել է մինչև տարեվերջ գործուն միջոցներ ձեռնարկել չկատարված ծրագրային գործողություններն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար: