Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարանի» համակիրը կալանավորվել է՝ իր բեռնատարը զինված խմբին տրամադրելու մեղադրանքով


Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին աջակցելու մեղադրանքով այսօր 2 ամսով կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանը։

Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու և ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու և տեղափոխելու հոդվածներով։ Փաստաբանը պարզաբանեց, որ Գիչյանը, ըստ մեղադրանքի, իր սեփական բեռնատար մեքենան տրամադրել է զինված խմբին։ Գիչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Կինը՝ Լեյլա Գիչյանը, պատմեց, որ ամուսինը կիրակի առավոտյան նկատել է, որ տան բակին մոտ տարածքում կայանած բեռնատարը չկա։ 64-ամյա կինը պատմում է, որասում է, որ իրենց տունը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղուն մոտ, աղմուկն անգամ գիշերը չի դադարում և չեն նկատել բեռնատարի անհետացումը։

«Առավոտյան ելավ, ասաց՝ «Կռազը» չկա: Ես էլ ասացի՝ միլիցիա զանգի: Ասաց՝ եթե չգտա, կգնամ միլիցիա: Ինքը գնաց, մի քսան րոպեից միլիցեքը ավտոմատներով, բաներով եկան», - ասում է նա:

Լեյլա Գիչյանը պատմում է, որ կիրակի առավոտ իրենց տուն եկած իրավապահները խուզարկությունից հետո իրեն տարել են ոստիկանություն, մի քանի ժամ պահել՝ հարցաքննել բեռնատարի մասին:

Կինը նշում է, որ բեռնատարն իրենց ապրուստի հիմնական միջոցն էր։ Ազգային անվտանգության ծառայությունն արդեն նշել է՝ հուլիսի 17-ի վաղ առավոտյան զինված խումբը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք էր ներխուժել «Կռազ» մակնիշի բեռնատարով։

Իրենց «Սասնա ծռեր» կոչող զինված խումբը, հուլիսի 17-ին բեռնատար մեքենայով կոտրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի երկաթե դարպասը, գրավել է տարածքը և պատանդ վերցրել ոստիկանների: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր անցած ամիս` զինված խմբավորումների միջոցով շենքեր գրավելու ծրագրեր ունենալու կասկածանքով: Զինված խումբը, որի հարձակման ժամանակ զոհվել է 1 ոստիկան, պահանջում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Իրավապահները փակել են ՊՊԾ գունդ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բանակցում է զինված խմբի անդամների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG